Պղնձահանքից ծնված քաղաքը
Ալավերդու արդյունաբերական հսկան՝ տարածաշրջանում ամենաշատ աշխատատեղ ապահովող պղնձաձուլարանը շուրջ մեկ տարի է՝ չի աշխատում։ Ալավերդիում 530 մարդ առանց աշխատանքի է մնացել։ Նրանք չեն կարողանում մարել բանկերում ունեցած իրենց վարկերը, խանութներում կուտակված պարտքերը։ Բայց հույսով սպասում են, որ գործարանը մի օր նորից կաշխատի։
Ալավերդիում բնակչության մեծ մասը քաղաքն առանց արդյունաբերության ու գործարանի չի պատկերացնում, որովհետև պղնձարտադրության ակունքներն այստեղ սկիզբ են առել բրոնզե դարից էլ առաջ: Ասել է թե՝ պղնձի արդյունահանման ու ձուլման պատմությունն ավելի հին է, քան Ալավերդի բնակավայրի պատմությունը:
Կոնկրետ Լոռու մարզում մետաղագործության ուսումնասիրություննների նշանակալի արդյունքներ տվել է ֆրանսիացի լեռնային ինժեներ և երկրաբան Ժակ Դը Մորգանը: Նա 1887-1889 թվականներին, Ախթալայում և Ալավերդիում գետափին պեղումներ կատարելիս, հայտնաբերել է կավե, բրոնզե, երկաթե սափորներ ու պղնձե դրամներ, որոնք տարբերվում էին մինչև այդ հայտնաբերված պղնձից: Այսպես հնագետը ենթադրեց, որ այն տեղական ծագում ունի: Իսկ հետագայում արդեն այլ երկրներում կատարված ուսումնասիրությունները թույլ տվեցին ենթադրելու, որ պղձի հայտնագործումը եղել է Հայկական լեռնաշխարհում: Կարելի է ենթադրել, որ հնագետը նկատի է ունեցել հենց Լալվարի լանջերը: Ավելի ուշ նման եզրակացություն է արել նաև սովետական պատմաբան, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին:


Ժակ Դը Մորգան
ֆրանսիացի լեռնային ինժեներ և երկրաբան
Պղնձե գտածոներ
Իսկ պղնձարտադրության նոր պատմությունը սկսվում է 1763 թվականից: Պոնտոսից Ախթալա տեղափոխված 800 հույն ընտանիք, որ ներգրավված էին հանքաքարի արդյունահանման և պղնձի ձուլման աշխատանքներում, ավելի ուշ Լալվարի լանջին հայտնաբերում են պղնձով հարուստ նոր հանքավայր: 1770 թվականին այդ հանքավայրը բացվում է, ապա կառուցվում են Ալավերդու և Շամլուղի գործարանները, սկսվում է պղնձի ձուլումը: Հանքաքարի արդյունահանումն ու պղնձի ձուլումը յուրաքանչյուր ընտանիք ինքնուրույն իր համար էր կատարում, եկամուտը տնօրինում սեփական հայեցողությամբ: Այդ տարիներին գործարանում տարեկան մինչև 200 տոննա պղինձ էր արտադրվում։
Տասնիններորդ դարի վերջին Ալավերդիում կառուցվեց ռաֆինացված պղնձի ձուլման նոր գործարան: Մեքենայացված աշխատանքի արդյունքում ավելանում էր արտադրանքի ծավալը:
Ալավերդու տարածաշրջանի լեռնահանքային հարստությունը հետաքրքրեց ֆրանսիացի արդյունաբերողներին: Արտադրանքի ու եկամտի ծավալը մեծացնելու նպատակով նրանք նոր հանքավայրերի հետախուզման աշխատանքներ սկսեցին: Մադան գյուղի (ներկայում՝ Ալավերդու թաղամաս) տարածքում պղնձի նոր պաշարներ հայտնաբերվեցին, սկսվեցին գործարանի վերակառուցման աշխատանքները: Նախկին վառարանները նորով փոխարինվեցին:

Լուսանկարների արխիվը՝ Հրաչյա Պապինյանի
Նոր ժամանակներ, նոր պահանջներ

1980-ականների կեսերին ակնհայտ էր՝ գործարանում կիրառվող տեխնոլոգիաները չէին համապատասխանում նոր պահանջներին: Ծխատարների խցանվածություն, պլանները գերկատարելու խնդիր, վթարներ։ Բնապահպանները պահանջում էին դադարեցնել կոմբինատի աշխատանքը: Եվ երեսուն տարի առաջ՝ 1989 թվականին, կոմբինատը դադարեց աշխատել։
Հրատապորեն պետք է լուծվի Լեռնամետալուրգիական գործարանի փակման հարցը։ Եվ Ալավերդի քաղաքի անպատվաբեր անվան հարցը։
«Ղարաբաղ կոմիտե»-ի Թումանյանի կառույցի անդամ Արտիկ Քոչարյան
Կարճ ժամանակ անց վերագործարկվեցին միայն մասնակիորեն նորոգված արտադրամասերը: Բնակչության թունավորման լուրջ դեպքերը, սակայն, առիթ դարձան, որ ցուցարարները կրկին ակտիվանան։ Իսկ թունավորումների պատճառը, փաստորեն, օդում ծծմբային անհիդրիդի մեծ քանակությունն է եղել:

1989 թվականի հուլիսի 11-ին կոմբինատի տնօրեն Նորիկ Սարգսյանի հրամանով դադարեցվեց պղնձաձուլական գործարանի աշխատանքը։ Ալավերդիում տնտեսական ճգնաժամ սկսվեց։ Հազարավոր մարդիկ հեռացան քաղաքից: Միայն 1991-1997 թվականներին Ալավերդին լքել է շուրջ 10 հազար բնակիչ:
Նորիկ Սարգսյան
Ալավերդու Լեռնամետալուրգիական գործարանի տնօրեն (1978-1989թթ․)
Ալավերդու բնակչության թվի աճի և նվազման դինամիկան՝ 1916-2008թթ․
1994 թվական, հուլիսի 23
Հայաստանի կառավարության նիստում դրվեց Ալավերդիում տարեկան 5 000 տոննա պղինձ արտադրելու հարցը։ Գործարանը վերագործարկվեց։ Իսկ արդեն 2010 թվականին «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը, հաշվի առնելով մարդկանց առողջության վրա ծխի ազդեցությունը, նոր ծխատար կառուցեց։
Գործարանում այդ ժամանակ վերամշակվում էր մինչև 50 հազար տոննա խտանյութ, արտադրվում մինչև 10 հազար տոննա անզուտ պղինձ: Գործարանի աշխատակիցների թիվը հասավ 600-ի։ Այսպես մինչև 2018 թվականը:
Սոված մարդը սոված գելից գեշ ա
Ալավերդու պղնձաձուլարանը կրկին փակման վտանգի առաջ կանգնեց
2018 թվական, սեպտեմբեր
Ալավերդիում գործարանի, մասնավորապես մետալուրգիական արտադրամասի աշխատանքների դադարը մի քանի կարևոր հանգամանքով էր պայմանավորված, որոնցից մեկը տուգանքն էր։
Շրջակա միջավայրի նախարարության տեսչական մարմինը գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ընկերությանը տուգանեց 380 մլն դրամով՝ վերջին 3 տարիներին արտանետումների սահմանային նորմաները գերազանցելու համար, որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս։ Արդյունքում դադարեցվեց մետալուրգիական արտադրամասի վառարանի աշխատանքը։ Ալավերդիում գործազուրկ դարձավ շուրջ 600 մարդ։ Կրկին ցույցեր, բողոքի ակցիաներ, պետական մարմինների ներկայացուցիչների այցեր, ելույթներ, խոստումներ։
Իսկ առանց աշխատանք մնացած բանվորների պահանջը մեկն է՝ ցանկացած գնով վերագործարկել գործարանը։
Սպասում
Քաղաքում գործարանի մասին շրջանառվող տարբեր խոսակցությունների ալիքը կարծես մարել է, բայց մետալուրգների քաղաքում հույսը երբեք չի մարում։ Ալավերդին սպասում է:

Գործարանի արդեն նախկին աշխատակիցներից շատերն են լքել Ալավերդին, ոմանք էլ այլ գործով են զբաղվում։ Բայց մեծամասնությունը շարունակում է գործազուրկի կարգավիճակում մնալ։ Ձուլող բանվորներն, օրինակ, այլ աշխատանք կատարել չեն կարող: Նրանց միակ մասնագիտությունն ու գործը մետալուրգիան է: Գուրգեն Ղշյանը նրանցից մեկն է, ով 35 տարի գործարանում որպես ձուլող է աշխատել: Ամռանը գյուղում այգի է մշակում, բայց ձմռանը վերջնականապես անգործության կմատնվի։
Գուրգեն Ղշյան
Բորիս Թամազյան
տաքսու վարորդ
Բորիս Թամազյանը 10 տարուց ավելի է՝ տաքսու վարորդ է աշխատում: Ասում է՝ գործը պակասել է. մի կողմից մարդիկ ուղղակի փող չունեն, որ օգտվեն տաքսիներից, մյուս կողմից էլ՝ տաքսիներն են շատացել․ գործազուրկ դարձած տղամարդիկ օրվա հացի մի քանի հարյուր դրամը փորձում են տաքսի քշելով վաստակել։

Հասմիկ Մխիթարյանն անհատ ձեռնարկատեր է, մթերային սեփական խանութ ունի: Ասում է՝ իր հաճախորդները հիմնականում միջպետական ճանապարհով անցնողներն են, ուստի քաղաքի խորը ճգնաժամն այնքան էլ չի զգացել։ Բայց բավական է քաղաք դուրս գա, նկատում է, որ խանութներում, ինչպես ասում են, գործը կանգնած է:
Հասմիկ Մխիթարյան
Խանութի սեփականատեր
Ալավերդիում պղնձարտադրությունը վերսկսելու միակ երաշխիքը նոր տեխնոլոգիաների ներդրումն է, ասել է թե՝ նոր գործարանի կառուցումը։ «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի խոսքով՝ դրան են ուղղված եղել ընկերության կողմից իրականացված աշխատանքները՝ վերջին 20 տարիների ընթացքում:
Մեր թիմը
Արտակ Աղաբաբյան
Լուսինե Փարսադանյան
Լրագրող
Տաթևիկ Ճուղուրյան
Խմբագիր
Արմեն Հովսեփյան
Օպերատոր
Made on
Tilda