Երեք պատերազմ,
երեք սերունդ,
մեկ ընտանիք

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ոտքի հանեց ամբողջ հայ ժողովրդին։ Պատերազմը սկսվելուց ժամեր անց առաջնագծում գտնվող զինվորների շարքերը համալրելու պատրաստակամություն հայտնեցին հարյուրավոր կամավորներ, ազատամարտիկներ ու զինվորականներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Եվ ինչպես Արցախյան առաջին և ապրիլյան Քառօրյա պատերազմներում, այս անգամ էլ Թումանյանի տարածաշրջանի ազատամարտիկները պատրաստ էին կռվելու։ Նրանց շարքերում էին այնպիսի տղաներ, ովքեր գնում էին իրենց հայրերի կյանքի գնով ազատագրված հողը պաշտպանելու՝ պատերազմ տանելով նաև իրենց զավակներին։
2020թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սեպտեմբերի 27-ն էր. Մարգարյանների ընտանիքը Ալավերդիից Երևան էր գնում՝ թոռնիկի ծննդյան արարողությանը մասնակցելու։ Ճանապարհին էլ կարդում են պատերազմի սկսվելու լուրը, ինչին հետևում են հեռախոսազանգերը։ Երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային բաժանմունքի ղեկավար Գագիկ Մարգարյանին միսւթյունից էին զանգում․ հարկավոր էր ցուցակագրում ու կազմակերպչական այլ աշխատանք անել, իսկ որդու՝ Սեյրանի հեռախոսազանգերը, մարտական ընկերներից էին։ Ամբողջ ճանապարհին հայրը համոզել է որդուն՝ տեղից չշարժվել, մինչև որ ինքը երկրապահների հետ կգնար Արցախ, կտեսներ, թե իրականում ինչ է կատարվում ու լուր կտար։ Սեպտեմբերի 27-ին Գագիկի՝ Երևան հասնելն ու Ալավերդի վերադառնալը մեկ է լինում, իսկ որդին հենց նույն օրը մեկնում է Արցախ։
«Թումանյանի տարածաշրջանի ազատամարտիկները Արցախ կարողանում են գնալ պատերազմից մոտ 20 օր անց միայն՝ հոկտեմբերի 15-ին։ Միայն մեկ հրահանգ կար՝ սպասել, մինչդեռ առաջինը հենց երկրապահները պետք է Ղարաբաղ մտնեին»,- պատմում է Գագիկ Մարգարյանը:
Հինգ օր Վանաձորում սպասել ու վերադարձել են Ալավերդի։ Սակայն ուշ երեկոյան զանգ են ստացել, որ առավոտյան մեկնում են։ Լոռու մարզից 47 երկրապահ ու կամավոր են եղել, հետո նրանց են միացել ևս 40-ը Արարատից, Արտաշատից, Արմավիրից ու Գեղարքունիքի մարզից:
«Էն, ինչ պատկերացնում էինք, ու էն, ինչ գնացինք, տեսանք, անհամատեղելի էր։ Բարձիթողի վիճակ էր։ Մի տարածքում էինք, որտեղ ոչինչ չկար։ Անծանոթ վայր էր, տվյալ կորպուսից ու զորամասից գոնե մեկը չկար, որ ծանոթ լիներ տեղանքին, բացատրեր։ Դիրքեր էլ չկային, տեղավորվել ենք բարձունքի վրա, կարճ ժամանակ անց՝ նահանջել։ Ասում էին՝ 55 տարեկանից բարձր չենք տանում։ Երկրապահում տարիքով շատ տղաներ կան, որ և՛ ունակ են կռվի, և՛ փորձառու են։ Ու թող նրանք զոհվեին, ոչ թե 18-20 տարեկանները։ Կամավորներ էլ շատ կային, որ ընդհանրապես զենք բռնած չէին, ամեն ինչ մոտավորապես էին անում։ Կռիվ տեսած տղաներին չթողեցին, անփորձ էրեխեքին առաջ մղեցին»,- հիշում է Գագիկը։
Մարգարյանների ընտանիքի կրտսեր զինվորը՝ Սեյրանը, պատմում է, որ պատերազմի երկրորդ օրն արդեն պարզ էր, թե ինչ է կատարվում Արցախում։ Սեպտեմբերի 28-ին Թալիշն ու Մատաղիսն ամբողջությամբ հակառակորդի հսկողության տակ են եղել, Մարտունու և Ջրականի դիրքերի մի մասը՝ նույնպես։ Բայց միայն հոկտեմբերի 1-ին է հանրությունն այդ լուրը իմանում, այն էլ՝ ոչ լիարժեք։ Ու այդպես ամբողջ պատերազմի ընթացքում Արցախում կատարվածը հանրությանը այլ կերպ է ներկայացվել։ Շատ խառը և անկառավարելի իրավիճակ էր, երբ կարգուկանոնի բացակայության պայմաններում ով ինչ ուզում, այն էլ անում է։
«Նոյեմբերի 9-ին արձակուրդ ենք գալիս․ ընկերս՝ Գևորգ Արշակյանն էր զոհվել, ու ամսի 10-ին հուղարկավորությունն էր։ Ժամը 01։00-ին տուն եմ մտնում, ժամը 02։20-ին կարդում էդ լուրը, որ վարչապետը գնում է փոխզիջումների»,- պատմում է Սեյրանը:
23-ամյա Սեյրանի համար այս պատերազմը 2-րդն էր, որի առաջին օրից մինչև վերջին պահը մարտական գործողությունների է մասնակցել։ 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ նա ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Նույն կռիվն էր, նույն ինտենսիվությամբ, բարեբախտաբար՝ կարճ․ մեկ նախադասությամբ Սեյրանը համեմատում է իր տեսած երկու պատերազմները։
2016թ.
Ապրիլ
2016 թվականի ապրիլին Գագիկը երկրապահի տղաների հետ, որոնցից մի քանիսը նույնպես զինվոր որդիներ ունեին, որոշում է մեկնել Արցախ։ Բայց կռվի թեժ ու դժվարին օրերին որդու հետ չի կարողանում կապվել ու հանդիպել։ Հայր ու որդի ամեն մեկն իր բաժին կռիվն են տալիս, ու միայն մարտական գործողությունների դադարից հետո են կարողանում հանդիպել։

Գագիկի և Սեյրանի հանդիպումն Արցախի՝ նրանց համար այնքան նվիրական հողում էր, ուր 25 տարի առաջ ընտանիքի հայրն ու պապը` ավագ Սեյրան Մարգարյանն էր զոհվել։

«Բարեբախտաբար հնարավոր եղավ կանխել 2016թ. պատերազմը, այլապես նույն սցենարն էր լինելու 4 տարի առաջ»,- ասում է Գագիկ Մարգարյանը՝ զուգահեռներ տանելով քառօրյա և 44-օրյա պատերազմների միջև։
«Պատերազմն ամենավատ բանն է, որ կարող է մարդու հետ պատահել: Պատանեկության տարիներին ձգտում էի հորս կողքին լինել, որ հանկարծ մարտի դաշտում մենակ չլինի, հանկարծ բան չպատահի։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ որդուս կողքին լինելու ձգտումը ինձ Արցախ տարավ»,- պատմում է Գագիկ Մարգարյանը` հիշելով իր հորը` Սեյրան Մարգարյանին, ով եղել է առաջին կամավորական-մահապարտներից, որ մեկնել է Արցախ 1990թ։
Գագիկը 15տ. էր Արցախյան շարժման ժամանակ և առաջին օրերից միշտ հոր կողքին է եղել։ Մարտական գործողությունների չէր կարող մասնակցել, բայց նստել տանը՝ իմանալով, թե հայրն ուր է գնացել, դժվար էր նրա համար։ Այդ պատճառով հայրը՝ Սեյրան Մարգարյանը, որդուն հաճախ է իր հետ Նոյեմբերյան և Իջևան տարել։
1988-1992
1988թ․-ին, երբ Սեյրան Մարգարյանն ընտանիքի հետ վերադարձել է Մոնղոլիայից, Արցախյան շարժումը նոր էր սկիզբ առնում։ Առանց երկար-բարակ մտածելու և ժամանակ կորցնելու՝ նա միանգամից համախմբել է իր ընկերներին և կամավորական ջոկատ կազմել. ինքնաշեն նռնակներ էին պատրաստում, փամփուշտներ ձուլում, տարբեր զինատեսակներ ստանում՝ օգտագործելով նաև խափանված հակակարկտային կայանների սարքավորումները։
1988-1990թթ․ Ալավերդու կամավորական ջոկատի կազմում Սեյրան Մարգարյանը մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը։ 1990թ․ նոյեմբերին որպես դասակի հրամանատար ընդգրկվել է Հատուկ գնդի Ալավերդու վաշտում՝ մասնակցելով Շահումյանի շրջանի պաշտպանական մարտերին։

Թումանյանի տարածաշրջանի ազատամարտիկներն առաջիններից են եղել, ովքեր 1992 թվականին հետևել են Վազգեն Սարգսյանի մարտակոչին և «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության 13 հոգանոց գնդով մեկնել են Արցախ։ 43-ամյա կամավորական Սեյրան Մարգարյանն այդ մահապարտներից մեկն է եղել, ով 1992-ի սեպտեմբերի 2-ին նահատակվել է Վաղուհասի բարձունքների համար մղված մարտերում։
Երեք պատերազմները իրենց ծանր հետևանքն են ունեցել Մարգարյանների ընտանիքի վրա: Բայց վերջին պատերազմը կրտսեր Սեյրան Մարգարյանի համար մեծ հարված էր. կորսված հայրենիք, ընկերների կորուստ, անորոշ ապագա։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Ու ամենակարևորը՝ պատերազմը չի ավարտվել ու չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու ձեռքում է իր պապի արյան գնով ազատագրած հողը։
«Ղարաբաղը իմ պապն ու նրա ընկերները կյանքի գնով են հետ բերել, նրանք մեզ են ժառանգել իրենց կյանքով պահած հողերը, բայց էսօր մենք չենք կարողացել պահել էդ հողերը։ Ես չեմ կարող իմ մեջ արմատավորել պարտվողի կարգավիճակը, որովհետև մանկության տարիներից ինձ միշտ ասել են, որ եթե իրոք սիրում ես հայրենիքդ, եթե ծառայում ես հայրենիքիդ, ապա պարտվել չկա։ Ես դա հասկացել եմ իմ պապի մասին պատմություններից, լսել եմ նրա մարտական ընկերներից, իմ հորից, դպրոցում իմ ռազմագիտության ուսուցիչ Գեղամ Մելքոնյանից։ Դա մեծ դաս է եղել, կյանքի դաս, որը եթե չես ստանում, երկրիդ ոչ մի ձևով չես կարողանա օգուտ տալ»,-ասում է Սեյրանը:
Սեյրանը համոզված է. անկախ նրանից կռիվ է, թե խաղաղություն, պետք է երկրիդ ծառան լինես։ Մեկը իր գյուտը, երկրորդն՝ իր պատերազմ վարելու լավ գաղափարը, մյուսն էլ՝ իր կյանքը տալով՝ պետք է ծառայի հայրենիքին։ Ու հայրենիքի ծառա լինելը պետք է անընդհատ լինի՝ ծնվելու օրից մինչև մեռնելը։

Made on
Tilda