Բունկերային աղբահանություն
Ալավերդու բարձրահարկ շենքերում հատկապես ամռան ամիսներին աղբահանության հետ կապված խնդիրներն անխուսափելի են։ Բնակիչները մեղադրում են համայնքապետարանին՝ աղբը ժամանակին չհեռացնելու համար, ինչի արդյունքում շենքերում հակասանիտարական վիճակ է ստեղծվում․ խցանումներ, գարշահոտ, կրծողների առկայություն։ Համայնքապետարանն էլ մեղադրում է բնակիչներին, ովքեր կենցաղային աղբից բացի աղբատար խողովակի մեջ զանազան իրեր են լցնում, ինչն էլ խցանումների պատճառ է դառնում։
Օրեր առաջ աղբատար խողովակը փակելու խնդրանքով համայնքապետարան դիմում են ներկայացրել Ջրավազան 1/ա շենքի բնակիչները։ Նրանք ուզում են, որ 9 հարկանի շենքի աղբատար խողովակը փակվի։ Վերելակն անխափան աշխատում է, ուստի բարձր հարկերում ապրողների համար խնդիր չի լինի աղբն այլ վայրում թափելը։ Թեպետ խողովակի խցանումների համար ներքևի հարկերի բնակիչները մեղադրում են վերևում ապրողներին։ Համայնքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանի խոսքով՝ շենքի բնակիչների մեծ մասը պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի համայնքապետարանը ընթացք տա գործին։ Հիմա նշված շենքում ապրողները ստորագրահավաք են անում։

Ջրավազան 1/ա բնակիչներ
Համայնքապետարանի կոմունալ ծառայության բանվորները, իրենց հիմնական աշխատանքից՝ աղբը հեռացնելուց բացի, ստիպված են լինում նաև խցանումներ վերացնել, որովհետև շատ հաճախ աղբատար խողովակի մեջ կենցաղայինից բացի նաև շինարարական աղբ է լինում։
Սասուն Խեչումյան
Ալավերդու համայնքապետ
Օգոստոս, 2020
Երբ աղբատար խողովակները խցանվում են ձմռան ամիսներին, շենքերում աղբի տհաճ հոտն ու կրծողների առկայությունը ժամանակավոր բացակայում է, մինչդեռ եղանակների տաքանալուն զուգահեռ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում աղբահանության խնդիրն ավելի է սրվում: Շենքերում գարշահոտություն է տիրում, և բնակիչների զանգերը համայնքապետարան հաճախակի են դառնում:
Կենցաղային տարբեր իրեր, շինարարական աղբ կամ այն, ինչը բնակիչները չեն կարողանում աղբատար խողովակի մեջ գցել, կուտակում են հենց աղբատարի մուտքի մոտ: Ու մինչ կոմունալ ծառայությունը դրանք կհեռացնի, շենքի բակը վերածվում է աղբանոցի: Հարևան շենքերի բնակիչները, տեսնելով կուտակված և օրեր շարունակ չհեռացվող աղբը, իրենց աղբը նույնպես այդտեղ են թափում։

Մարիա Գալստյան
Էվոյան թաղամասի բնակիչ
Օգոստոս, 2020
Այս բոլոր խնդիրները բերում են նրան, որ բարձրահարկերի բնակիչները գնում են ռադիկալ քայլերի. պարզապես հրաժարվում են բունկերային աղբահանությունից: Նման կտրուկ քայլի դիմել են երեք բարձրահարկերի՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1/26, 2/31 և Սայաթ-Նովա 2-ի բնակիչները: Նրանց դիմումի համաձայն՝ համայնքապետարանը փակել է բունկերը և շենքերին հարակից հատվածում աղբարկղեր տեղադրել։ Բնակիչները գոհ են․ և՛ առնետներից են ազատվել, և՛ գարշահոտությունից:

Շալիկո Բայադյան, Ռիմա Բայադյան
Սայաթ-Նովա թաղամասի բնակիչներ
Սեպտեմբեր, 2020
Բունկերներում աղբի կուտակումն ու ոչ ժամանակին հեռացումը նպաստում է կրծողների տարածմանը։ Ալավերդու համայնքապետարանը դրա դեմ պայքարելու նպատակով տարին երկու անգամ դեռատիզացիոն (կրծողների ոչնչացման) աշխատանքներ է կատարում, որի համար համայնքի բյուջեից 2-3 մլն դրամ է հատկացվում։ Նշված գումարով դեռատիզացիոն աշխատանքեր են կատարվում ոչ միայն աղբատարներում, նկուղներում, այլ նաև համայնքային ենթակայության կառույցներում՝ մանկապարտեզների, արվեստի դպրոցների շենքերում: 2021 թվականի համար Ալավերդի համայնքը պետական բյուջեից 370 մլն բնապահպանական հատկացում է ստանալու, որից 1մլն 972 հազար դրամը համայնքապետարանն ուղղելու է դեռատիզացիոն աշխատանքների իրականացմանը։

Սասուն Խեչումյան
Ալավերդու համայնքապետ
Օգոստոս, 2020
Ալավերդու 23 բարձրահարկ շենքերում աղբահանություն կատարվում է բունկերային եղանակով: Աղբը բունկերից հեռացվում է 4-5 օրը մեկ: Սպասարկումն իրականացնում է համայնքապետարանի կոմունալ ծառայությունը: 2020 թվականին համայնքի բյուջեից աղբահանության համար ծախսվել է 47,5 մլն դրամ։ Իսկ 2021 թվականին համայնքապետարանը նույն նպատակով 48 մլն դրամ կծախսի։
Չնայած աղբահանության համար ծախսվող մեծ գումարներին՝ հատկապես բարձրահարկ շենքերի դեպքում աղբի խնդիրը միշտ ակտուալ է։ Բնակիչներն ուզում են՝ աղբը ժամանակին հեռացվի, որպեսզի շենքում հակասանիտարական վիճակ չլինի։ Իսկ համայնքապետարանի ուզածը բնակիչների կարգապահությունն է, որպեսզի հնարավոր լինի խուսափել խցանումներից։
Երկուստեք միայն մեղադրանքներ են, և ոչ մի կոնկրետ գործողություն՝ տարիների վաղեմության խնդիրը լուծելու ուղղությամբ։


~
Made on
Tilda