ԱԼԱՎԵՐԴԻ.
ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
Լուսանկարը՝ Վահե Աղամյանի
1960-ականներից ի վեր Ալավերդու ճարտարապետական դիմագիծը շատ է փոխվել: Քաղաքի երբեմնի կենտրոնում՝ Սպանդարյան թաղամասում են եղել դատարանը, մշակույթի պալատը, մշակույթի տունը, կապի տունը, մանկապարտեզը, գրախանութը, հյուրանոցը և կարևոր այլ հաստատություններ, որոնք ժամանակի ընթացքում տեղափոխվել են: Իսկ շենքերի մեծ մասը քանդվել է: Վերջին տասնամյակներում Ալավերդիում նոր շենքեր գրեթե չեն կառուցվել:
Նախկին Երևանյան խճուղին վերանվանվել է Թումանյան փողոց, որի սկզբնամասում են քաղաքի 2 հատվածները միացնող կամուրջները։ Ժամանակի ընթացքում այստեղ մեծ փոփոխություններ չեն եղել, միայն մի քանի շենքեր են ավելացել, ինչպես օրինակ՝ դատարանի շենքը՝ կամուրջներից ձախ հատվածում։ Սանէպիդկայանի և «Ախթալշին տրեստ»-ի շենքերում տարբեր կազմակերպություններ են տեղակայված, արդեն ներկայի «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ի շենքում զինկոմիսարիատն է, հաջորդիվ՝ Էլեկտրացանցի շենքը։
Երևանյան խճուղին է՝ քաղաքի 2 հատվածները միացնող կամրջով։ Կամրջից աջ սանէպիդկայանի, «Ախթալշին տրեստ»-ի, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և Էլեկտրացանցի շենքերն են։
Հայպետշին թաղամասի կենտրոնում երկու բարձրահարկերից կազմված բնակելի շենքը քաղաքում հայտնի է որպես «Արևիկ»-ի շենք․ այս շենքի տակ «Արևիկ» գաստրոնոմն է եղել։
Հայպետշին և Ջրավազան թաղամասերն են։ Հայպետշին թաղամասի կենտրոնում բարձրահարկ շենքեր են կառուցվում։
Գրախանութի շենքը 2000-ականների սկզբին է քանդվել։ Նույն հատվածում ներկայում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին է։ Մշակույթի տան շենքը քանդվել է 2006-ին։ Դրա տեղում նախատեսված էր պուրակ հիմնել, բայց մինչև հիմա որևէ բան չի կառուցվել։
Աջից՝ ձախ Ալավերդու մշակույթի պալատը, մշակույթի տունը և Գրախանութի շենքը՝ Սպանդարյան թաղամասում։ Թաղամասը քաղաքի կենտրոնն է եղել։
Մարքսի փողոցն է։ Հին դատարանի շենքի տեղում այլ կառույց երբևէ չի եղել։ Դատարանը տեղափոխվել է նույն թաղամասի մեկ շենք։ Իսկ մանկապարտեզի շենքում հետագա տարիներին բանկ է գործել։ Հիմա շենքը չի օգտագործվում։
Դատարանի շենքը՝ Մարքսի փողոցում։ Հարակից շենքում տեղակայված է եղել մանկապարտեզը։
Հյուրանոցի շենքը, փոստը և ճոպանուղին։ Ալավերդու ճոպանուղու առաջին երթուղին իրականացվել է 1977 թվականի հունիսի 16-ին։
Հյուրանոցի շենքը և Կապի տունը։ Շենքերից վերև հին Ալավերդին է։ Այստեղից է սկսվել քաղաքը։
Սպանդարյան թաղամասն է։ Հին շենքերը քանդելուց հետո նորերը չեն կառուցվել։
Սպանդարյան թաղամասը՝ քարակերտ շենքերով։ Բնակելի հատվածից բացի այստեղ է տեղակայված եղել դատարանը, մանկապարտեզը, կարևոր այլ կառույցներ։
Էնգելս թաղամասի կամուրջն է, որը կապում է թաղամասը Թումանյան փողոցի հետ։
Էնգելս թաղամասի կամուրջն է։ Թաղամասը գտնվում է Դեբեդի աջ ափին։
Էնգելս թաղամասի 6-րդ շենքը նախկինում եղել է բաց պատշգամբներով։ Բնակիչները, սեփական նախաձեռնությամբ, պատշգամբները փակել են։
Դեբեդի աջ ափին կառուցվում է Էնգելս թաղամասը։ Թաղամասի բազմաբնակարան 6-րդ շենքն է։

1960-ականներին Ալավերդին լուսանկարել է Լևոն Մանուկյանը: Նոր լուսանկարները՝ Արման Տիտանյանի:

Լևոն Մանուկյան
Արման Տիտանյան
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda