Աջակցություն ստանալու մեկ ամսվա սպասումը
Կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի կառավարությունը մշակել և իրականացնում է 20 ծրագիր, որոնց միջոցով ֆինանսական օժանդակություն է տրվում հասարակության տարբեր խմբերին։ Այդ ծրագրերի շահառու են համավարակի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, անչափահաս երեխաներ ունեցող չաշխատող ծնողները, հղիները, փոքր ու միջին ձեռնարկատերերը, գյուղատնտեսները և այլն:
Ալավերդի քաղաքում բնակվող Սարգսյանների ընտանիքը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառու է։ Այս ծրագրով աջակցություն է տրամադրվում միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամի չափով։ Ընտանիքում 3 անչափահաս երեխա կա՝ 12, 10, և 9 տարեկան: Ընտանիքի մայրը՝ Արփինե Խեչիկյանը, երբեք չի աշխատել։ Հայրը՝ Սեյրան Սարգսյանը, գործազուրկ է 2019թ․ դեկտեմբերից։
Ընտանիքի առօրյա ծախսերը հոգալու նպատակով երիտասարդ ամուսիններն այգեգործությամբ են զբաղվում․ շենքի բակում գտնվող հողամասն են մշակում։ Իսկ տան միակ եկամուտը, գումարի տեսքով, Սեյրան Սարգսյանի մոր՝ տիկին Ասյայի կենսաթոշակն է։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերից աջակցություն ստանալու համար շատ քաղաքացիներ են դժվարություններ ունեցել թե՛ համակարգի և թե՛ փաստաթղթերի հետ կապված։ Հիմնական խնդիրներից է օնլայն դիմում ներկայացնելը․ մի դեպքում ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունենալն է դժվարություն ստեղծում, մեկ այլ դեպքում էլ մարդիկ պարզապես չեն տիրապետում առցանց հարթակից օգտվելու հմտություններին։ Ծրագրերին դիմելու գործում քաղաքացիներին տարբեր կառույցներ են աջակցել։
Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կամավորները մոտ երկու ամիս ծանրաբեռնված ռեժիմով են աշխատել։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերից մանրամասներ իմանալու, մասնավորապես ծրագրերին դիմելու կարգի վերաբերյալ աջակցություն ստանալու նպատակով կազմակերպությանն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ Ալավերդուց և հարակից գյուղերից։ Կազմակերպության ֆեյսբուքի էջին նամակներ են ուղարկել նաև հանրապետության այլ մարզերից՝ Շիրակից, Արագածոտնից, Արարատից, Արմավիրից, անգամ՝ Երևանից: Կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը պատմում է, որ իրենց դիմած քաղաքացիների մի մասը դժվարացել է ոչ թե հայտ լրացնելու գործում, այլ ցանկացել է պարզելաբանում ստանալ՝ ընդգրկվա՞ծ է արդյոք ծրագրում, թե՝ ոչ:
Սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության, դիմելու կարգի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել նաև կազմակերպության ֆեյսբուքի էջում: Ավելի քան հազար մարդու պարզաբանում են տվել անձնական նամակագրության միջոցով:

«Ծրագրին դիմելն ինքին բարդ է: Մեզ դիմած շատ քաղաքացիներ, օրինակ, չգիտեին, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԾՀ հապավումը։ Այսինքն գոնե փակագծերում հարկավոր է նշել, որ դա հանրային ծառայության համարանիշն է կամ նույն սոցիալական քարտի համարը։ Քաղաքացիները մեզ դիմել են այն դեպքերում, երբ օրերով չեն կարողացել թեժ գծի հեռախոսահամարով կապվել նախարարություն, որովհետև գիծը ծանրաբեռնված է եղել։ Շատերն են դժգոհել, որ մինչև օպերատորին միանալն իրենց հեռախոսի րոպեները սպառվել են ու ստիպված են եղել հերթական զանգի համար նորից գումար ծախսել»։


Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
Խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիներին հեռախոսով և ֆեյսբուքի միջոցով աջակցել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը՝ ապրիլի 13-23-ը ժամանակահատվածում միայն պատասխանելով 9.965 հեռախոսազանգի և 3.668 նամակի:

Լոռու մարզպետարանում ապրիլի 9-ից սկսած քաղաքացիների հարցերին պատասխանելու նպատակով թեժ գծի հեռախոսահամար է գործում։ Զանգերին պատասխանող մասնագետներից մեկը մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ավագ մասնագետ Քրիստինե Հովսեփյանն է։ Նրա խոսքով՝ առավել ծանրաբեռնված են աշխատել առաջին 2-3 շաբաթների ընթացքում՝ օրական պատասխանելով ավելի քան 100 զանգի:



«Քաղաքացիները հիմնականում դիմում էին՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ ծրագրի շահառու են հանդիսանում։ Շատ զանգեր ենք ստացել տեքստիլ ոլորտի ներդրողներից (այս ոլորտն ի սկզբանե ընդգրծված չի եղել բիզնեսի աջակցության ծրագրերում)։ Արդյունքում կառավարությունը նշված ոլորտին նույնպես աջակցել է։ Շատ հաճախ քաղաքացիների փոխարեն մենք ենք դիմել այս կամ այն գերատեսչություն՝ ծրագրերին դիմելու և աջակցություն ստանալու գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով»։

Քրիստինե Հովսեփյան
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ավագ մասնագետ
Ալավերդու Սարգսյանների ընտանիքը մեկ ամսվա ընթացքում դիմում հայտը բազմաթիվ անգամ լրացնելուց հետո վերջապես դրական պատասխան է ստացել։ Այսպիսի ընտանիքները քիչ չեն։ Տեխնիկական և կազմակերպչական խնդիրների պատճառով աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող բազմաթիվ ընտանիքներ են զրկվել օժանդակությունից, և կառավարությունը, չնայած բոլոր ջանքերին, նմանօրինակ խնդիրներին մինչև վերջ չի կարողանում համապատասխան լուծում տալ։
~
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda