Փակ սահմանները Զավենի համար նոր դռներ են բացել
COVID-19-ի հետևանքով փակված սահմանները շատերի համար սեփական աշխատանքից հրաժարվելու և նոր գործ սկսելու առիթ դարձան։ Ռուսաստանի դաշնությունում աշխատող այն հայերը, որոնք համավարակի բռնկման սկզբնական շրջանում Հայաստանում էին գտնվում, այլևս չկարողացան վերադառնալ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, սահմանները փակվեցին։

Ալավերդու բնակիչ Զավեն Օհանյանը 5-6 տարի արտագնա աշխատանքի է մեկնել։ Մասնագիտությամբ հաշվապահ Զավենը Ռուսաստանում որպես լուսանկարիչ-օպերատոր է աշխատել՝ համագործակցելով հայկական կառույցների, մասնավորապես Մոսկվայի հայ համայնքի հետ։ Լուսանկարչությունից բացի Զավենը մեկ այլ հոբբի էլ ունի՝ ծաղրանկարչությունը, ինչին զբաղվածության պատճառով շատ ժամանակ չի կարողանում տրամադրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված հայրենիքում մնացած Զավենն աշխատանքի է անցել Ալավերդու գարեջրի գործարանում, որպես գարեջրագործ ու արդեն հրաժարվել կրկին Ռուսաստան գնալու մտքից։ Իսկ տոմսի համար տնտեսած գումարով ու 1 մլն դրամ վարկային միջոցներով ազնվամորու այգի է հիմնել։ Հողատարածքի հարցում նրան աջակցել են բարեկամները՝ տրամադրելով իրենց սեփական այգին։

40-ամյա Զավեն Օհանյանը ծաղրանկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Մի քանի անգամ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում։ Այս ոլորտում նրան ճանաչում են ԶԱՎՕՍ կեղծանվամբ։ Արտակարգ դրության ժամանակահատվածում, երբ ստիպված է եղել տանը ավելի շատ մնալ, ծաղրանկարների շարքը նոր գործերով է համալրել։ Հասցրել է ամբողջացնել նաև 5 վիպակներից կազմված ժողովածուն։ «Մեռնող քաղաքի հայելիները», «Աճպարարի մատանին», «Եղնախաղաց լեռան ուրվականը», «Մոսկովյան սիրավեպ» և «Թերեզան», ըստ հեղինակի, միստիկ ստեղծագործություններ են՝ գլոբալ խնդիրների շուրջ։ Վերջին երկուսը օտար երկրում թվացյալ լավ կյանքի մասին են, որոնց հիմնականում կանայք են զոհ գնում։ Իսկ «Մեռնող քաղաքի հայելիները» պատմում է «մեկուսացած» քաղաքի, տվյալ դեպքում Ալավերդու և նրա բնակիչների մասին։ Վիպակների ժողովածուն տպագրության կհանձնվի առաջիկայում։ Տպագրության և հավելյալ ծախսերը հոգալու է հովանավորը։
Կորոնովիրուսի համավարակը փոխել է Զավենի կյանքը, գոնե առաջիկա մի քանի տարիների համար։ Հարազատ քաղաքում ապրելու, ստեղծելու և ստեղծագործելու մեծ ցանկությունը ամենակարևորն էր, որ տեղի ունեցավ նրա հետ։

Ի տարբերություն Զավենի, Լոռու մարզից մշտական արտագնա աշխատանքի մեկնող այլ բնակիչների չեն բավարարում տեղի աշխատանքային պայմանները, ու նրանք դեռ սպասում են սահմանափակումների վերացմանը։
Համավարակի առաջին օրերից Հայաստանի բոլոր մարզերում մեկնարկել է ինֆորմացիայի հավաքագրման գործընթաց։ Փակ սահմանների պատճառով Հայաստանում մնացած քաղաքացիները և օնլայն, և մարզպետարան այցելելով՝ գրանցվում ու թողնում են իրենց տվյալները, ինչպես նաև ամփոփ ներկայացնում, թե ի՞նչ հմտություններ ունեն ու ի՞նչ կարող են անել։ Ըստ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ իրենց դիմած քաղաքացիների ակնկալիքները երբեմն չեն համընկնում Հայաստանի աշխատաշուկայի հետ, և նրանք հրաժարվում են աշխատանքից։ Որոշ դեպքերում էլ դիմողների հմտությունները չեն համապատասխանում տվյալ աշխատանքին։ Մինչև օգոստոսի 15-ը Լոռու մարզպետարանում գրանցվել է 1496 քաղաքացի, որից 473-ը աշխատանք է գտել։
Մարզի աշխատաշուկայի հետ կապված պարբերաբար թարմացվող ինֆորմացիան Լոռու մարզպետարանից ուղարկվում է մարզպետարան դիմած ու արդեն գրանցված քաղաքացիների էլեկտրոնային փոստի հասցեներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն և ցանկության դեպքում ներգրավվեն։


Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda