Սպասում՝
քամուց քշված տանիքի տակ

Առանց թիթեղների մնացած տանիք, խոնավ շքամուտքեր ու բնակարաններ, վնասված հատակ և պատեր, տարբեր ձևի և մեծության տարաներ։ Այս պատկերը Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/7 շենքում է։ Անձրևների ժամանակ շենքի բնակիչները գիշերը չեն քնում, որպեսզի հասցնեն դատարկել ջրով լցված տարաները։ Տանիքի պատճառով անգամ չեն մտածում բնակարանը նորոգելու մասին։ Հարևաններից ոմանց դառը փորձը նրանց աչքի առաջ է։
Ռիմա Ծատինյան, Սանահին-Սարահարթի 1/7 շենքի բնակիչ
Ռիմա Ծատինյանը Սարահարթի 1/7 շենքում բնակվում է մոտ 40 տարի։ 2015թ․-ից սկսած տիկին Ռիման պայքարում է իրենց շենքի խարխլված տանիքի համար, որի թիթեղները քամիներից ու անձրևներից անպիտան են դարձել։ Իսկ բնակարաններ լցվող անձրևաջրերից շենքի պատերն ու բնակիչների առողջությունն է քայքայվել։ Տիկին Ռիման որդու ընտանիքի հետ է ապրում, տանը 3 անչափահաս երեխա կա, որոնց համար շատ է անհանգստանում։ Պատմում է, որ ուժգին քամիների ժամանակ տանիքում այնպիսի աղմուկ է բարձրանում, որ երեխաները վախենում են։ Բայց վտանգը միայն տանիքում չէ․ շքամուտքում անձրևաջրերը լցվում են հոսանքի լարերի վրա՝ առաջացնելով կարճ միացման վտանգ։ Շենքի բնակիչներն ասում են, որ շքամուտքերն այն աստիճանի են ջրով լցվում, որ ռետինե ճտքավոր կոշիկ հագնելու կարիք է լինում։ Նախկինում, երբ անձրևների ժամանակ բնակիչների ահազանգից հետո տարբեր պաշտոնյաներ են եկել իրավիճակին ծանոթանալու, շքամուտք մտնել չեն կարողացել։

Ալավերդիում 182 բազմաբնակարան շենք կա, որից հիմնանորոգված է 58 շենքի տանիք։ Համայնքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանի խոսքով՝ հիմնանորոգման կարիք ունեն քաղաքի գրեթե բոլոր շենքերի տանիքները։ Բայց 60 շենքի տանիք վատթարագույն վիճակում է, իսկ դրանցից 18-ի դեպքում շենքը ծածկող թիթեղները տանիք չես անվանի։
Ռիմա Ծատինյանը խնամքով պահում է այն բոլոր գրությունները, որոնք, ի պատասխան իր բազմաթիվ նամակների, ուղարկվել են պատկան մարմինների կողմից։ Առաջինը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է դիմել, հետո՝ վարչապետին, մարզպետին, համայնքապետին։ Բոլոր տեղերից էլ դրական պատասխան է ստացել՝ շենքը կընդգրկվի վերանորոգման որևէ ծրագրում։ Մարզպետարանից էլ խնդիրն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով է եկել։ Բայց մի քանի տարի շարունակ սայլը տեղից չի շարժվել։
Ալավերդի քաղաքում համայնքային բյուջեով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ երբեք չեն նորոգվել։ Միայն կառավարության որոշմամբ հրատապ ծրագրեր իրականացնելուն ուղղված գումարով է համայնքապետարանը տարբեր տարիների ընթացքում տանիքների նորոգման ծրագիր իրականացրել։ Այս տարի պետության համաֆինանսավորմամբ, այն է՝ սուբվենցիոն ծրագրով, կնորոգվի 7 շենքի տանիք՝ 65 մլն դրամ ընդհանուր ներդրումով։ Համայնքի ավագանու որոշմամբ բնակիչները նույնպես ներդրում պետք է անեն՝ հիմնանորոգման գումարի 10%-ի չափով։ Ծրագրի այս բաղադրիչը, սակայն, բնակիչներին դժվար իրավիճակի առաջ է կանգնեցրել․ պահանջվող գումարը հավաքելը հեշտ չէ։

Սանահին-Սարահարթի 1/7 շենքի բնակիչները նույնպես դրամահավաք են անում։ Համայնքապետարանից նրանց ասել են, որ իրենց շենքի դեպքում հիմնանորոգման գումարի 10%-ը մոտ 885 000 դրամ է կազմում։ Բնակիչները, չնայած սոցիալական դժվարին պայմաններին, ամեն ինչ անում են, որ դուրս չմնան ծրագրից։ Պահանջվող գումարի 600 000-ն արդեն առկա է՝ 25 ընտանիքի ներդրման արդյունքում։ Շենքի բնակիչ Ռիմա Ծատինյանի խոսքով՝ ներդրումը հավասարաչափ չի եղել, ամեն ընտանիք մասնակցել է՝ իր կարողության չափով։ Ոմանք էլ ընդհանրապես հրաժարվել են գումար տալուց։

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տանիքների հիմնանորոգման ծրագրի՝ բնակիչների կողմից ներդրում անելու բաղադրիչն արդյունավետ է համարում` նշելով, որ եթե բնակիչը սեփական ներդրումով մասնակցում է հիմնանորոգմանը, ապա նա կվերահսկի թե՛ շինաշխատանքների որակը և թե՛ հետագայում նորոգված տանիքին տեր կկանգնի։
Համայնքապետարանում, սակայն, անտեսում են այն հանգամանքը, որ հատկապես վերջին տարիներին տանիքների նորոգման համար իրենց կողմից ներդրումներ չեն արվել, ինչի արդյունքում են նաև բնակիչները հայտնվել նման անմարդկային պայմաններում։ Դեռ ավելին՝ համայնքապետը պնդում է, որ
10%-ի հարցում զիջումների չեն գնալու։

Այս տարի Ալավերդիում նորոգված տանիք ունեցող շենքերի թիվը հավանաբար կավելանա 7-ով։ Իսկ արդեն հաջորդ տարի համայնքին հատկացվող բնապահպանական սուբվենցիաներից համայնքապետարանը ևս 100 մլն դրամ է ուղղելու տանիքների նորոգմանը։

~
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda