ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԵՐԵԼԱԿՆԵՐ
Ալավերդի քաղաքի 22 բարձրահարկ շենքերից միայն 8-ում է վերելակ աշխատում։ Դրանք այն շենքերն են, որոնց վերելակները հնարավոր է եղել մասնակի նորոգել ու վերագործարկել։ Մնացածի դեպքում սարքավորումների մաշվածության ու բացակայության պատճառով վերելակները չեն գործարկվել։

***
Ալավերդու շենքերի վերելակները խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են, այսինքն, շահագործման ժամկետը վաղուց լրացած, հին և մաշված։
Քաղաքի Բաղրամյան թաղամասում, օրինակ,
5-րդ շենքի վերելակն արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում։ Պատճառը, սակայն, ոչ թե անսարքությունն է, այլ վերելակը սպասարկող կազմակերպության լիազոր անձի բացակայությունը: Շենքի բնակիչները գերադասում են վերելակ չունենալ, քան լիազորի դերում լինել։


***
Վալերի Պետրոսյան, Բաղրամյան 5 շենքի բնակիչ

***
Ալավերդու վերելակների սպասարկումն իրականացնում է Վանաձորում գործող «Սարիբեկյան» ԱՁ-ն: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունը զբաղվում է վերելակների սպասարկման, մոնտաժման ու կապիտալ վերանորոգման աշխատանքներով։

Կազմակերպության ղեկավար Արմեն Սարիբեկյանի խոսքով՝ յուրաքանչյուր շենքում բնակիչների հետ կնքվում է պայմանագիր, որը ստորագրվում է նրանց ընտրած լիազոր անձի կողմից։ Պայմանագրի մեջ նշվում են բոլոր այն ծառայությունները (պահեստամասերի, մեխանիզմների փոփոխում և սպասարկում), որոնք մատուցվում են ընկերության կողմից՝ 15 հազար դրամ գումարի դիմաց։ Պայմանագիրը կնքելուց հետո նշված կազմակերպության հետ վերելակին առնչվող բոլոր խնդիրներով համագործակցում է շենքի լիազորը:




«Ամեն ամիս մեր տրանսպորտային միջոցներով գալիս ենք, ստուգում վերելակները։ Անսարքություն լինելու դեպքում, ըստ պայմանագրի, այն պետք է վերացնենք 48 ժամվա ընթացքում։ Բայց այս 5 տարիների ընթացքում երբեք չի եղել, որ 24 ժամը անցնի, մինչև խնդիրը վերացնենք։ Բացի դրանից, շենքի բնակիչներից մեկին, ով հիմնականում շենքում է լինում, չի բացակայում, սովորեցնում ենք, թե ինչ ու ինչպես պետք է անել, երբ վերելակում մարդ է մնում։ Տեխնիկական բոլոր բաները սովորեցնում ենք»,- իրենց աշխատանքն է ներկայացնում «Սարիբեկյան» ԱՁ ղեկավար Արմեն Սարիբեկյանը։

Իսկ տեղում՝ Ալավերդիում, մասնագետ ունենալու դեպքում վարձատրության խնդիր է առաջանալու, ինչը, ըստ Սարիբեկյանի, իրենք չեն կարող լուծել, որովհետև յուրաքանչյուր շենքից վերցրած 15 հազար դրամով հազիվ կարողանում են սպասարկում իրականացնել։

«Ես պատրաստ եմ նման ծառայություն ստեղծել, մասնագետ պատրաստել, բայց ո՞վ է վարձատրելու։ Եթե քաղաքապետարանը գումար տրամադրի, ինչ-որ մեկին աշխատավարձ տա, խնդիր չկա, մենք կսովորեցնենք տվյալ մարդուն, թե ինչ պետք է անել, եթե վերելակի մեջ մարդ է մնում։ Դա մեզ համար էլ ձեռնտու է, որովհետև մինչև մեր մասնագետի հասնելը բնակիչները տարբեր տեղեր են զանգում, վերջում էլ՝ ԱԻՆ, գալիս են, դռները ջարդում, մարդուն հանում, իսկ մենք հետո լրացուցիչ ծախսերի տակ ենք ընկնում: Ու դա, բնական է, բնակիչները չեն փոխհատուցում»,- նշում է կազմակերպության ղեկավարը։

Ալավերդի քաղաքում 22 բարձրահարկ շենքերից միայն 8-ում է վերելակ աշխատում, որովհետև հետխորհրդային տարիներին վերելակները թալանվել են, սարքավորումների մեծ մասը որպես մետաղի ջարդոն վաճառվել է, ինչից հետո վերելակների վերագործարկումն անհնարին է դարձել։




***
Սոնա Մաթոսյան, Սարահարթի 3/10 շենքի բնակիչ

***
Բաղրամյան թաղամասի թիվ 5 շենքի վերելակը սպասարկող կազմակերպության կողմից է կանգնեցվել, որպեսզի բնակիչները չօգտվեն։ Այլապես խնդիր լինելու դեպքում պատասխանատվությունը, ըստ պայմանագրի, կրելու է նշված կազմակերպությունը։ Այս շենքում տարիներ շարունակ լիազոր աշխատած բնակիչը հրաժարվեց պարզաբանումներից։

Քաղաքի մյուս թաղամասերում էլ շենքի լիազորները այլ խնդիրների են բախվում։ Սայաթ-Նովա 4 շենքի լիազոր Արմեն Շախկուլյանն ամեն ամիս բնակիչներից հավաքում է սպասարկման գումարը և հանձնում սպասարկող կազմակերպությանը։ Հոսանքի տատանումների կամ առհասարակ խափանման դեպքում էլ, երբ վերելակը կանգնում է, մարդկանց դուրս բերելու գործում օգնող ձեռքն իրենն է: Վերելակի հետ կապված բոլոր աշխատանքները լիազորը կատարում է հասարակական հիմունքներով։

***
Արմեն Շախկուլյան, Սայաթ-Նովա 4 շենքի լիազոր
Բնակիչների կարծիքով՝ անհրաժեշտ է, որ վերելակները սպասարկող կազմակերպությունը լինի Ալավերդիում։ Կամ տեղում գոնե մեկ մասնագետ լինի, որովհետև անգամ վերանորոգված վերելակների դեպքում խափանումներ, միևնույնն է, լինում են։ Իսկ համայնքապետարանն այս հարցում աջակցելու որևէ պարտավորություն չունի։


***
Զավեն Շահմուրադյան, Ալավերդու համայնքապետարանի բնակֆոնդի պատասխանատու

***
Համայնքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանի խոսքով՝ համայնքապետարանը 2012 թվականից սկսել է վերելակները վերագործարկելու նախաձեռնությունը։ Երեք տարվա ընթացքում պետական ծրագրերով հնարավոր է եղել վերականգնել և վերագործարկել միայն 8 շենքի վերելակ։ Մեկ վերելակի վերականգնման նախագծի հաշվարկային արեժքը 5-7 մլն դրամ է կազմում՝ կախված դրա թալանվածության աստիճանից:


***
Սպասարկող կազմակերպությանը վճարվող 15,000 դրամը տարբեր շենքերում տարբեր կերպ է բաշխվում բնակիչների միջև՝ կախված նրանց թվից։ Իսկ քաղաքի 2 շենքերում բնակիչները սպասարկման գումար վճարում են ոչ թե անձնական միջոցներից, այլ այն գումարից, որը կապի օպերատորները որպես փոխհատուցում վճարում են այդ շենքերին՝ տանիքներում տեղադրված իրենց սարքավորումների համար։

Բնակիչները շենքն առանց վերելակի չեն պատկերացնում, թեպետ գիտակցում են, որ դրանք շատ հին են, ու հենց այդ պատճառով են հաճախ անսարքություններ լինում։


***
Անուշ Մանուչարյան, Սայաթ-Նովա 4 շենքի բնակիչ

***
Ալավերդու հին ու մաշված վերելակները ոչ միայն մարդկանց են տեղափոխում, այլև՝ բեռներ։ Սայաթ-Նովա 4 շենքի լիազոր Արմեն Շախկուլյանի խոսքով՝ բնակիչները հաճախ են օգտագործում վերելակը բեռների տեղափոխման նպատակով, այնինչ վերելակի առավելագույն տարողությունը 300 կգ է:

Վերելակների պիտանելիության ժամկետն, ըստ մասնագետների, 25 տարի է։ Միայն տեխնիկական ճիշտ սպասարկման միջոցով է հնարավոր դրանց շահագործումը երկարացնել։ Մինչդեռ պահեստամասերն ու դրանց ներկրումն այնքան թանկ է, որ հնարավոր չէ հին վերելակը լիարժեք վերազինել ու անվտանգ շահագործել։

Այս դեպքում առավել նպատակահարմար է վերելակներն ամբողջովին նորով փոխարինելը, որովհետև եթե վերանորոգումն, ըստ Ալավերդու համայնքապետարանի, 5-7 մլն դրամ է, ապա մեկ նոր վերելակի արժեքը մոտ 9 մլն դրամ է կազմում։

~
Made on
Tilda