ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԻՇԵՑՐԵՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքերի ապաստարաններն ու դրանց նշանակությունը խիստ կարևորվեց ռազմական դրության ժամանակահատվածում։ Պատերազմի առաջին օրերին ԱԻՆ-ը բնակիչներին ծանուցում էր՝ օդային տագնապ ազդանշանի դեպքում մտնել ապաստարաններ։ Բայց ապաստարանների մեծ մասը տարիների ընթացքում քանդվել ու թալանվել է, լավագույն դեպքում՝ նկուղի վերածվել։
Ալավերդու բնակիչ Գոհար Մանուկյանը մինչև պատերազմի սկսվելը չի իմացել, որ իրենց շենքում ապաստարան կա, և անհրաժեշտության դեպքում կարող են այնտեղ պատսպարվել։ Երբ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել, և բնակչությանը սկսել են ծանուցել օդային տագնապ երևույթի մասին, տիկին Գոհարն էլ, շատերի նման, անհանգստացել է։
Ալավերդիում ապաստարաններ ունեն գրեթե բոլոր շենքերը։ Բայց հետխորհրդային տարիներին դրանց մեծ մասը հետզհետե վերածվել է նկուղի։ Առաջին հարկերի բնակիչներից ամեն մեկն ապաստարանի՝ իր բնակարանի տակ գտնվող հատվածը նկուղի է վերածել՝ հիմնականում առանց համաձայնացնելու քաղաքապետարանի հետ։ Իսկ այն շենքերը, որոնց ապաստարանները նկուղ չեն դարձել, տարիների ընթացքում կոյուղաջրերով ու աղբով են լցվել, դարձել անպիտան։
Հայաստանում հաստատված ռազմական դրությունը համապատասխան կառույցների, մասնավորապես համայնքապետարանների և ԱԻՆ ստորաբաժանումների համար, վաղուց մոռացված ապաստարանները վերանայելու խնդիր է առաջացրել։ Ուշադրության կենտրոնում են հատկապես շենքերի տակ կառուցված ապաստարանները։
Ալավերդու այն տարածքները, որոնք պոտենցիալ ապաստարան են համարվում, մաքրվել ու բարեկարգվել են ռազմական դրություն հայտարարելու օրվանից սկսած,-ասում է Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:

Հիմնական ապաստարանների տարածքը մեծ է։ Ու թեպետ դրանք դեռևս կահավորված չեն, բայց անհրաժեշտ որոշ աշխատանքներ (լուսավորության համակարգի կառուցում, մշտական ջրով ապահովում և այլն) այնուամենայնիվ արվել են։ Ինչ վերաբերում է նկուղի վերածված ապաստարաններին, ապա, ըստ համայնքապետի, դրանք հիմնականում լավ վիճակում են, մեծ մասի դեպքում նաև լուսավորություն կա, և դրանք պատերազմի պայմաններում պետք է հասանելի լինեն տվյալ տարածքում ապրող բոլոր բնակիչների համար։
Համայնքապետարանը ապաստարանների գտնվելու վայրի և օդային տագնապի դեպքում բնակիչների գործողությունների մասին նրանց իրազեկում է տարբեր մեթոդներով։ Նախ շենքերի պատերին և տեսանելի այլ վայրերում ծանուցումներ են փակցրել, նաև օդային տագնապ երևույթի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ բաժանել։ Համայնքապետարանի հետ աշխատում է ԱԻՆ Թումանյանի փրկարարական ջոկատը, նաև՝ դպրոցների զինղեկները։
Ալավերդի խոշորացված համայնքի կազմում գտնվող 7 գյուղական բնակավայրերում բնակիչների համար, ըստ համայնքապետի, որպես ապաստարան կարող են ծառայել սեփական նկուղները։ Բայց կան գյուղեր, որոնք նաև առանձնացված տարածքներ ունեն ապաստանելու համար։
~
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda