ԱԼԱՎԵՐԴԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով 90 000 արցախցիներ ստիված եղան լքել իրենց տներն ու ժամանակավոր ապաստան գտնել Հայաստանում։ Տեղահանվածներից շատերը հյուրընկալվեցին իրենց հարազատ-բարեկամների տներում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ կամ ազգական չունեին, կարողացան օթևան գտնել պետության և հասարակական սեկտորի աջակցությամբ։
Հադրութի բնակիչ Օլեգ Մեջլումյանը պատերազմի առաջին օրերին Լոռու մարզի Ալավերդի քաղաք է եկել իր 92-ամյա հոր հետ։ Որդին Արցախում է մնացել, իսկ հարսին ու թոռին թողել են Երևանում՝ բարեկամի տանը։ Իր և տարեց հոր կացարանի հարցով էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի հեռախոսահամարին են զանգել (010 249910 / 010 249920 / 010 249960) և տեղեկացել, որ կարող են ապաստանել Ալավերդու հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում են մինչև այսօր։
Հրադադարից հետո Օլեգ Մեջլումյանի ընտանիքն էլ արցախցի հազարավոր ընտանիքների նման կորցրել է տունը։ Նրանք արդեն պետք է վերադարձած լինեին։ Բայց ստիպված են նորից սպասել, մինչև որդին կզանգի Արցախից։
Օլեգ Մեջլումյան
Հադրութի բնակիչ
Աստղիկ Ասատրյան
Մարտակերտի բնակիչ
Նույն հյուրանոցում արցախցի 5 ընտանիք է ապաստանել՝ հիմնականում կանայք և երեխաներ: Ընտանիքների տղամարդիկ մնացել են Արցախում: Արցախցիների՝ Հայաստան հասնելու ճանապարհները տարբեր են: Մարզպետարաններն ու համայնքապետարաններն իրենց հերթին են համակարգել ու աջակցել Արցախից ժամանած ընտանիքներին թե՛ տեղաշարժի և թե՛ կեցության այլ հարցերում: Մեծ աշխատանք են արել նաև կամավորներն ու հասարակական կազմակերպությունները:
Արցախցի Աստղիկ Ասատրյանի ընտանիքը պատերազմի հենց առաջին օրերին է Ալավերդի տեղափոխվել:



Լիլիթն Աստղիկի հարևանուհին է, հենց նրա միջոցով են Աստղիկն ու նրանց 3-րդ հարևանուհին իրենց ընտանիքների հետ հասել Ալավերդի: Առաջինը Լիլիթ Աղաջանյանն է եկել՝ իր երեք աղջիկների հետ: Նրանց Լոռի են հասցրել այնտեղ աշխատող ալավերդցիները:
Լիլիթ Աղաջանյան
Մարտակերտի բնակիչ
Օլեգ Դուլգարյան
‹‹Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն›› ՀԿ նախագահ


Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, Արցախից ժամանած ընտանիքներին աջակցել է նաև տեղավորման հարցում։ Տարբեր մարզերում գործող կազմակերպությունները պարբերաբար միմյանց անհրաժեշտ ինֆորմացիա են փոխանցել, ինչի արդյունքում աջակցությունն ավելի արդյունավետ ու հասցեական է եղել։
Պատերազմի առաջին օրերից արցախահայությանն ու բանակին աջակցելու նպատակով Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում գումարի, պարենի, առաջին անհրաժեշտության պարագաների և հագուստի հավաքագրում սկսվեց: Նախաձեռնությունները բազմաթիվ էին, սակայն որոշ դեպքերում՝ չհամակարգված:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ ռազմական դրության առաջին օրերին հատկապես երիտասարդները ինքնաբուխ որոշում էին կայացնում՝ օգնել ռազմաճակատին, և յուրաքանչյուրն իր հերթին կազմակերպում էր օգնության հավաքագրումն ու տրամադրումը։ Կարճ ժամանակ անց, սակայն, սա մոբիլիզացվեց։
Պատերազմող երկրում զինվորն ու բանակն առավել քան ուշադրության կենտրոնում էին։ Ամենուր քողարկիչ ցանցեր էին պատրաստվում առաջնագծի համար, կանայք գուլպա ու գլխարկ էին գործում զինվորների համար։ Իսկ դպրոցահասակ երեխաները գրքեր և թուղթ էին վաճառում, նաև՝ իրենց ձեռքի աշխատանքներն ու հավաքված ամբողջ գումարը փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամին։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ներկայում զբաղված է Ալավերդիում և տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած արցախցի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործով: Մշտապես կարիքների գնահատում են իրականացնում։ Հագուստ, սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներից բացի կազմակերպությունը նաև երիտասարդական նախաձեռնություններ ու միջոցառումներ է կազմակերպում՝ ներգրավելով նաև արցախցիներին։
Ալավերդու համայնքապետարանը հաշվառում է Արցախից Ալավերդու տարածաշրջան եկած ընտանիքներին, կատարում կարիքների գնահատում՝ կազմելով ընտանիքի գնահատման թերթիկ: Դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին աջակցում են դպրոց ուղղորդելու հարցում, իսկ հագուստի կամ սննդի կարիքի դեպքում դիմում համապատասխան կազմակերպությունների օգնությանը: Համայնքապետարանը համագործակցում է նաև այնպիսի կենտրոնների հետ, որտեղ կա հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, կամ, առհասարակ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցություն: Համայնքապետարանը նաև սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների հավաքագրում է կատարել՝ ֆեյսբուքյան էջում նախապես հրապարակելով անհրաժեշտ իրերի ցանկը։
Լիլիթ Մարգարյան
Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող
Նոնա Խաչատրյան
Ալավերդու «Սքայ» երիտասարդական ակումբի համակարգող


Նոնա Խաչատրյանն Ալավերդու ակտիվ երիտասարդներից է։ Իր ընկերների հետ նա պատերազմի առաջին իսկ օրերից փորձել է օգնել ռազմաճակատին։ Հիմա էլ շարունակում են օգնել արցախից եկած ընտանիքներին։ Այդ ամենը կազմակերպում են արտերկրում բնակվող հայերի կողմից ուղարկվող ֆինանսական աջակցությամբ։
Արցախահայությանն աջակցելու ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակվում են։ Նշված կառույցներն ու անհատները շարունակում են աջակցել արդեն ներգաղթյալներին։ Եվ չնայած Հայաստանում եղած ջերմ հյուրընկալությանն ու աջակցության ծրագրերին՝ արցախցիները ցանկանում են ժամ առաջ իրենց տուն վերադառնալ։
Նոյեմբերի 30-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Արմենպրեսի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական։
~
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։

Made on
Tilda