Նորակառույց շուկայում տարածք վարձակալելու համար Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել 6 դիմում։ Դիմում ներկայացրած քաղաքացիներից 3-ը համայնքապետարանի աշխատակիցների ընտանիքի անդամներ են` հայր, ամուսին, հարս, ովքեր մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեցին, որ դիմում են ներկայացրել համայնքապետարան, սակայն հիմա արդեն փոշմանել են և շուկայում առևտուր իրականացնելու մտադրություն չունեն։
Նշենք նաև, որ նշված անձանցից որևէ մեկը նախկինում երբեք առևտրով չի զբաղվել։ Դիմումատուներից մեկի՝ Նարինե Ավետյանի ամուսինը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ համայնքապետարան են դիմել դեռևս 2019-ի փետրվարին ու մինչև հիմա սպասում են, թե երբ է շուկան բացվելու։ Ուշագրավ է նաև այն, որ բոլոր 6 դիմումները ներկայացվել են փետրվար և մարտ ամիսներին։