ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1° C-ով և շարունակում է բարձրանալ։ Ջերմաստիճանի բարձրացման արդյունքում հաճախացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները՝ փոթորիկները, ջրհեղեղները, կարկտահարումները, սաստիկ ձմեռները, չափազանց շոգ ամառները, երաշտը:
Կլիմայի փոփոխությունը կամ ինչպես հաճախ օգտագործվում է՝ գլոբալ տաքացումը, գրեթե երեսուն տարի գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Կլիմայի փոփոխությունը ներկայում համարվում է երկրագնդի վրա մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը: Դեռ անցյալ դարի 60-ականներից գիտնականները բարձրաձայնում էին այս խնդրի մասին, սակայն այն միջազգային համագործակցության իրավական հարթություն տեղափոխվեց 1992թ. Ռիո-դե Ժանեյրոյում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրներն ընդունեցին շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը, որը վավերացվել է 192 երկրի կողմից և ուժի մեջ է մտել 1994թ․-ին։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը նշված հռչակագիրը վավերացրել է 1993թ.-ին:
Կլիմայի փոփոխության մարդկային գործոնը
2015թ. մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի: Նման ցուցանիշ մոլորակում եղել է 4-5 մլն տարի առաջ, նախքան սառցե դարաշրջանը:
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը և Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են, որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է միջինում 0.6 աստիճանով, և դա հիմնականում մարդու գործունեության հետևանք է: Երևույթն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4): Էլեկտրակայանները, ավտոմեքենաները, գործարանները և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տոննա ածխաթթու և ջերմոցային այլ գազեր:
Կլիմայի փոփոխությունն ու առողջությունը
Այսօր մոլորակի որոշ տարածաշրջաններում օզոնային շերտը խիստ վնասված է, և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ընդհուպ հասնում են Երկրի մակերևույթ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` դրա հետևանքով կարող է կտրուկ աճել մաշկային հիվանդություններով մարդկանց թիվը:
Առոջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունները մտահոգիչ են բնակչության կյանքի և գործունեության առումով: Ըստ հաշվարկված տվյալների՝ երկրագնդի անապատային գոտու մեծացումն անխուսափելի է, որի հետևանքով նաև խմելու ջրի պաշարաները կնվազեն, ինչն էլ կարող է հանգեցնել բազմաթիվ համաճարակների տարածմանը: Միլիոնավոր մարդկանց առողջության վրա բացասական կազդեն օդի ջերմաստիճանային կտրուկ տատանումները: Սիրտ-անոթային հիվանդությունների մեծացման հետ զուգահեռ կարող է կրկնապատվել, անգամ եռապատկվել մահացության թիվը: Արտադրության հետևանքով ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը կհանգեցնեն հողի, ջրի աղտոտմանն ու անպիտան դառնալուն:

Գյուղատնտեսությունը և կլիմայի
փոփոխությունը
Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությունն ու բաշխումը կբերեն բնական աղետների՝ ջրհեղեղի, երաշտի, փոթորկի և այլ վտանգավոր երևույթների շատացման։ Այս ամենից զատ, կնվազի գյուղատնտեսական բերքատվության տոկոսը, կանհետանան կենսաբանական մի շարք տեսակներ: Այսպիսով, ակնհայտ է, որ գլոբալ տաքացման գործընթացն արդեն սկսված է:
Մթնոլորտային տեղումները նվազել են 9 տոկոսով, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների քանակը ավելացել է 20 տոկոսով, ինչից հիմնականում տուժում է գյուղատնտեսությունը։ Բայց խոցելի է նաև մարդու առողջությունը, ինչպես նաև խոցելի են բնակավայրերը, ենթակառուցվածքները, էներգետիկ սեկտորը և բնական էկոհամակարգերը` ջրային, անտառային, լեռնային:
Օձունի բնակիչ Վահագն Քալաշյանը հիշում է՝ խորհրդային տարիներին Օձունի սարահարթի վարելահողերը հատկապես հացահատիկային կուլտուրաների բարձր բերքատվություն էին ապահովում: Նրա խոսքով՝ նախկին 35-40 ցենտներ ցորենի փոխարեն այժմ 20-նն են հազիվ ստանում: Ըստ Քալաշյանի՝ բերքատվության նվազումը տարբեր գործոններով է պայմանավորված՝ կլիմայի փոփոխության, ցանքսաշրջանառության, միատեսակ պարարտացման և այլն։ Սակայն ամենամեծ նշանակությունը կլիման է: Արդեն քանի տարի է բավականաչափ տեղումներ չեն լինում, որպեսզի աշնանացան կուլտուրաները ծածկվեն ձյունով:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Մարդկությունը պետք է հստակ հետևի ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների կողմից հաստատված ծրագրերի պահանջներին, հնարավորինս կրճատի ռեսուրների ոչ ռացիոնալ օգտագործումը կամ անցնի էկոլոգիապես առավել մաքուր ռեսուրսների օգտագործմանը` այդ կերպ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը։ Շատ գիտնականներ արդեն անշրջելի են համարում այն գործընթացները, որ սկսվել են 20-րդ դարի կեսից, բայց, այնուամենայնիվ, դեռ կա հնարավորություն առավել նվազեցնելու բոլոր այն վտանգները, որոնք ծառացած են մարդկության առաջ, առավել ևս՝ հետագա սերունդների:
Արտակ Աղաբաբյան
«Անկյուն+3» ՀԸ
Made on
Tilda