ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՑՅԼԱԸ
Կարի ֆաբրիկա

Խորհրդային միության պետական տնտեսական կարևորագույն ծրագրերից մեկը թեթև արդյունաբերության զարգացումն էր: Միության բոլոր հանրապետությունների մեծ և փոքր քաղաքներում ստեղծվում էին արտադրական ձեռնարկություններ: Ալավերդին բացառություն չէր:









«ԼՈՌԻ»,հունվարի 20,1970թ.
Վճռական և լարված օրեր են թաղանթաթիկնոցների կարի ֆաբրիկայում: Արդեն գործարկման է հանձնվել հզոր կաթսայատունը, պատրաստ են գործարկման ներքին ու արտաքին էլեկտրասարքավորումները, սանհանգույցը, օդափոխիչը, ջերմակարգավորիչ սարքերը: Շուտով այստեղ գործի կանցնեն կարող բանվորուհիները, և հեռու չէ այն օրը, երբ ֆաբրիկայի հոսքային գծերից դուրս կգան առաջին պատրաստի թիկնոցները՝ Ալավերդու թաղանթաթիկնոցների ֆաբրիկա մակնիշով:
ՊԼԱՇԻ ՇԵՆՔԸ
Left
Right
1975 թվականին ԽՍՀՄ թեթև արդյունաբերական ձեռնարկությունների թիվը հասել էր 8224-ի: Այդ ձեռնարկություններում 5.109.000 մարդ էր աշխատում: Ալավերդու կարի ֆաբրիկայի գործունեությունն ու զարգացումն էլ բնականոն երևույթ էր, որովհետև ֆաբրիկան մի դետալն էր այն մեծ մեխանիզմի, որը կոչվում էր խորհրդային տնտեսություն:
Ալավերդու Կարի արտադրական միավորման կազմում էին գործում Օձուն, Լորուտ, Աքորի գյուղերի և Շամլուղ ավանի տեղամասերը, որտեղ աշխատում էր 4200 բանվոր:
Կարճ ժամանակ անց արտադրանքի տեսականին մեծացավ. արտադրվում էին ոչ միայն թիկնոցներ, այլև մանկական հագուստ, ներքնազգեստ, գիշերազգեստ, բանվորական արտահագուստ, թասակ, ձեռնոց, խալաթ, սպիտակեղեն ու զինվորական հագուստ:
Մելանյա Երզնկյան
Ալավերդու Կարի ֆաբրիկայի տնօրեն (1977-1984 թթ.)
Խորհրդային տնտեսությունը հզոր ու կենսունակ էր, բայց միևնույն ժամանակ՝ աշխարհից մեկուսացած: 1980-ականների կեսերին արդեն լուրջ խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի մատակարարման բնագավառներում: Կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր: Ալավերդու կարի ֆաբրիկայի արտադրանքն էլ այլևս մրցունակ չէր ու այն լիարժեք իրացնել արդեն չէր հաջողվում:
Իրավիճակն ավելի բարդացավ 1980-ակաների կեսերին։ Բազմաթիվ խնդիրներին ավելացավ ևս մեկը, կատարվեց անհավատալին. ֆաբրիկայի շենքն այրեցին։ Ու չհաջողվեց պարզել՝ ո՞վ և ինչո՞ւ։ Տասնամյակներ անց էլ այդ հարցերի պատասխանները չկան։ Այրվելուց հետո, սակայն, ֆաբրիկան ամբողջ թափով այլևս չաշխատեց։ Մեծ մասնաշենքը կիսավեր մնաց, իսկ փոքր շենքում արտադրությունը կազմակերպվեց մինչև 1997 թվականը:
Մենք աշխատել ենք մինչև 1997 թիվը: Հետո բոլորիս աշխատանքից ազատեցին՝ թեթև արդյունաբերության նախարարության հրամանով: Ասին, որ այլ աշխատանք չկա, չեն կարող ապահովել մեզ ուրիշ գործով: Էդպես մնացինք դրսում՝ առանց աշխատանքի:

Ասյա Ծատինյանը Ալավերդու Կարի ֆաբրիկայում աշխատել է ձեռնարկության գործարկման հենց սկզբից: Նա հիացմունքով է հիշում, թե ինչպես են իրեն հնգամյա պլանի կատարման համար ուղարկել Մոսկվա՝ 15-օրյա հանգստի։ Բացի այդ, նաև դրամական պարգև է ստացել տնօրինության կողմից:
Ֆաբրիկայի շենքի հրդեհից հետո ասես կրակի բաժին դարձան նաև հավելավճարների, պարգևավճարների ու հանգստավայրեր մեկնելու բարի ավանդույթները:
Տիկին Ասյան ցավով է հիշում հրդեհի օրը։ Առավոտյան աշխատանքի էին գնում, երբ դեռ ավտոբուսի մեջ տարօրինակ ծխի հոտ են առել: Ֆաբրիկայի տարածք հասնելով՝ փորձել են օգնություն ցույց տալ: Կանանց ներս չեն թողել, միայն տղամարդիկ են կարողացել ներս մտնել ու փորձել փրկել այն ամենն, ինչը հրդեհի բաժին չէր դարձել։ Հետո կին վարպետները նույնպես օգնել են տղամարդկանց, բայց փրկածը եղածի չնչին տոկոսն էր միայն։
Տեսանք քուլաները բարձրանում են: Աղեկտուր լացում էինք, ավտոբուսի վարորդը կանգնել էր, ասում էր՝ ա՛յ ժողովուրդ, ինձ շփոթեցնում եք: Խնդրեցինք, որ ավտոբուսը կանգնացնի, դուրս էինք եկել, նայում էինք ու էրեխու պես լաց լինում:
Ինձ համար երևի ամենամեծ կորուստն էր:

Ժամանակին 1500 ընտանիք կերակրած կարի ֆաբրիկայի շենքն այլևս հանրային սեփականություն չէ, այլ միայն նրա պատմության մի մասը:
Մարգարիտա Մնացականյանը 1981 թվականին, ավարտելով Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումը, աշխատանքի է անցել Ալավերդու կարի ֆաբրիկայում: Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, աշխատել է ֆաբրիկայի լաբորատորիայում: Այստեղ կարվում էին արտադրանքի նմուշները, ուղարկվում Մոսկվա՝ հաստատման։ Մարգարիտայի խոսքով՝ լաբորատորիան մի մեծ ընտանիք էր, որի լավ աշխատանքի ու համերաշխության մասին ողջ ֆաբրիկան էր խոսում։

Մարգարիտա Մնացականյանի անձնական արխիվից
Մարգարիտան հուզմունքով է վերապրում ֆաբրիկայում աշխատած տարիները: Աշխատանքային եռուզեռ, ամեն ինչ հասցնելու, աշխատանքը լավ անելու պատասխանատվություն․թվում էր՝ ժամացույցի մեխանիզմ էր աշխատանքային պրոցեսը, որի մի դետալի անսարքության դեպքում կկանգներ: Այդ տարիները Մարգարիտայի համար վառ են, անջնջելի։ Մի անգամ էլ լաբորատորիայի վարիչին փոխարինելու գործն են իրեն վստահել։
Մարգարիտա Մնացականյան
Առավոտյան սովորականի պես Մարգարիտան աշխատանքի էր շտապում։ Փողոցում ով հանդիպում, ֆաբրիկայի հրդեհից էր խոսում։ Իսկ տիկին Մարգարիտան չէր ուզում հավատալ՝ ինչպե՞ս թե ֆաբրիկան հրդեհվել է։ Ու շտապում է աշխատանքի՝ մտածելով, որ չար կատակ են անում, ու այդ ամենը սուտ է: Հասնելով աշխատավայր՝ հանդիպում է իրականությանը։
Կարուձևը տիկին Մարգարիտայի կյանքի անբաժանելի մասն է։ Միշտ սիրել է կարել, մինչև հիմա էլ սիրելի գործը մեծ բավականությամբ է անում։ Տարիներ առաջ փոքրիկ արտադրամաս է բացել, որտեղ զբաղվում է սիրած գործով։ Ու թեև զրոյից հագուստ չի կարում՝ պահանջարկ չլինելու պատճառով, բայց մաշված հագուստի վերանորոգման ու ձևափոխման պատվերներ շատ է ունենում: Կարելուց բացի այլ նախասիրություններ էլ ունի:
Կարի ֆաբրիկայի կարող բանվորուհիներից շատերը թել ու ասեղը մինչև հիմա էլ ձեռքից ցած չեն դրել: Թեկուզ իրենց համար տանը կար են անում՝ չզլանալով կրկնել, որ աշխատատեղ լինելու դեպքում այսօր էլ պատրաստ են նստել մեքենայի առաջ ու սիրելի գործով զբաղվել:

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda