Մեղվաբուծարանից՝ մեղվաբուժարան

Վիգեն Մնացականյանի մեղվաբուծարանն իր տեսակով առանձնահատուկ է Ալավերդիում ու տարածաշրջանում։ Մեղվաբուծարանի տարածքում մեղուների տնակներից բացի մեծ տնակներ էլ կան։ Դրանք ապիտնակներ են, որոնցում նույնպես մեղվաընտանիքներ են ապրում, բայց արդեն հատուկ մահճակալների մեջ տեղադրված արկղերում։ Իսկ մահճակալներն այն մարդկանց համար են նախատեսված, ովքեր այստեղ են գալիս՝ մեղվաբուժության կամ որ նույնն է՝ ապիթերապիայի նպատակով։
Երիտասարդ գործարար Վիգեն Մնացականյանն ամբողջ տարին հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Նրանք գալիս են` մեղուների ֆերմայի յուրահատուկ այս կոնցեպտին ծանոթանալու, հանգստանալու և տեսնելու, թե ինչպես է իրականացվում ապիթերապիան (մեղվաբուժությունը)։ Հայաստանում նույնպես շատ են ապիթերապիայով հետաքրքրվողները։ Բայց բուժվելուց բացի, հյուրերն այստեղ մեղվաբուծության հմտություններ են սովորում՝ վարպետության դասերի միջոցով։ Նաև թեյախմություն են անում՝ մեղրով ու բնական այլ մթերքներով, ծանոթանում են մեղվաբուծության մեջ օգտագործվող գործիքներին, գրքեր կարդում։ Վերջին երկու տարվա ընթացքում մեղվաբուծարանի տարածքը Վիգեն Մնացականյանը յուրօրինակ հանգստի գոտի է դարձրել։
Left
Right
Լուսանկարները՝ Վիգեն Մնացականյանի արխիվից
ArmBee Honey Farm․ Ալավերդու մեղվաբուժության կենտրոնը
ArmBee Honey Farm ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ։ Վիգենը ցածր տոկոսադրույքով վարկ ու դրամաշնորհ է ստացել, նաև սեփական ներդրումն արել: Ու այսպես սկսնակ գործարարն իր գաղափարը բիզնես է դարձրել։
Վիգեն Մնացականյանը
Իր գործին սիրահարված մեղվապահը ոգևորությամբ պատմում է՝ մեղուների հետ կապված հիանալի ծրագրեր ունի, որոնք պետք է իրականացնի առաջիկայում։ Բայց նրա համար միայն իր բիզնեսի զարգացումը չէ առաջնային։ Ալավերդին պետք է զբոսաշրջային այնպիսի գոտի դարձնել, որպեսզի դրսից եկած հյուրերը չցանկանան հեռանալ այստեղից։ Այս առումով Վիգենը կարևորում է նաև զբոսաշրջային ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց համագործակցությունը:
Գործունեության առաջին տարում՝ 2018 թվականին, ArmBee Honey Farm-ը շուրջ 70 այցելու է ունեցել։ 2019-ին նրանց թիվը հասել է մոտ 300-ի։ Այստեղ այցելուների սպասում են նաև ձմռանը։
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda