Արդեն 3 տարի է՝ Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ և Ջիլիզա գյուղերը Ալավերդի համայնքի վարչական տարածքում են գտնվում։ Իսկ Ակներն ու Սանահինը Ալավերդի քաղաքին են միացել դեռևս 1960-ականներին։ Համայնքների միավորման նպատակն առաջին հերթին ուժեղ համայնք ունենալն էր, ինչն էլ առավել արդյունավետ կդարձներ տեղական ինքնակառավարումը։ Սակայն համայնքային կառավարման ուժեղ համակարգ ձևավորելու փոխարեն պետության կողմից իրականացվող այս գործընթացը բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծեց։
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
«Համայնքների խոշորացումը եղավ մի այնպիսի իրավիճակում, երբ բնակիչների զգալի մասը դեմ էր դրան։ Իսկ գյուղապետերը, որոնք վարչական ներկայացուցիչ էին դառնալու, համոզում էին ժողովրդին, որ խոշորացումը լավ է՝ իրենք իսկ չհավատալով գործընթացին։ Սա արդեն պրոցեսի արդյունավետությանը խանգարող հանգամանք էր։ Թե՛ ընթացակարգերի ներդրման մասով, թե՛ տվյալ դեպքում համայնքին բացատրելու առումով պրոցեսը մասնակցային չի եղել։ Խոշորացման օգուտներն իրականում ավելի շատ պետք է լինեին, քան վնասները, բայց հակառակն է»։
Խոշորացված համայնքի բյուջեն կազմվում է միավորված բոլոր բնակավայրերի եկամուտներից, հետևաբար ծախսերն էլ բաշխվում են բոլոր բնակավայրերի համար։ Մի դեպքում մեծ բնակավայրերում մտավախություն է առաջանում, որ իրենց մեծ եկամուտները կարող են ուղղվել փոքր բնակավայրերի կարիքներին, իսկ փոքրերն էլ մտածում են, որ իրենց խնդիրները կմնան չլուծված։

Բնակչության ընդհանուր թիվը՝ միավորված բնակավայրերում
Աշոտ Գիլոյան, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ
«Միավորված համայնքը նույնիսկ ամենավատ ավագանու, համայնքի ղեկավարի ու աշխատակազմի պարագայում ավելի վատ չի կարող լինել, քան մինչև խոշորանալն էր։ Խոշորացումից դժգոհում են հիմնականում նախկին համայնքապետերը, որոնք այսօր դարձել են վարչական ղեկավարներ։ Նրանք են սաբոտաժ անում ռեֆորմը, որովհետև, կորցնելով լծակներն ու բյուջե չունենալով, դժգոհ են: Տեղական իշխանությունը սոցիալական հիմնարկ չի: 2019-ին բոլոր 502 համայնքներին պետության կողմից տրվող դոտացիան 50 միլիարդի չափով գումար է եղել, որը բաժանվել է միավորված և չմիավորված համայնքների միջև: Հիսուն միլիարդը քիչ փող չի, որի մի մասը փոշիացել է չխոշորացված համայնքներում»:
Միավորվող բնակավայրերում վարչական աշխատողների թիվը
Խոշորացման գործընթացը ենթադրում էր օպտիմալացում, այսինքն միավորվող բնակավայրերում վարչական աշխատողների կրճատում։ Կրճատումների արդյունքում գոյացած գումարները պետք է ծախսվեին տվյալ բնակավայրի խնդիրները լուծելու նպատակով: Համայնքների խոշորացման գործընթացը ենթադրում էր համայնքների համաչափ զարգացում: Նախկինում քիչ բնակչությամբ փոքր բնակավայրերն ունեին թե՛ կառավարման դժվարություններ, թե՛ բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէր լուծել համայնքի փոքր բյուջեով։ Խոշորացումից հետո այդ խնդիրները պետք է լուծվեին։ Հատկապես հեռավոր բնակավայրերում, սակայն, դրական արդյունքներ նկատելի չեն։

Բնակչության ընդհանուր թիվն՝ ըստ տարիքային խմբերի
Սուրեն Պապիկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար



«Համայնքների խոշորացումը շարունակվելու է։ Մենք հիմա մեխանիզմներ ենք սահմանում, որ դա լինի ոչ թե հրամայական, ստիպողաբար, այլ՝ գիտակցված։ Այսինքն, ժողովրդին հնարավորություն կտրվի հանրաքվեի միջոցով «այո» կամ «ոչ ասել խոշորացմանը»։
Հայաստանում կա 502 համայնք, որից 52-ը միավորված (խոշորացված) են: Մինչև խոշորացման գործընթացը համայնքների թիվը 915 էր։ Դրանց 48% ուներ 1000-ից քիչ բնակչություն: Արդյունավետ կառավարման նպատակով 2011թ.-ին կառավարությունն ընդունեց համայնքների խոշորացման հայեցակարգը:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda