Մանկավարժ Իրինայի տուրիստական բիզնեսը
Արդեն 10 տարի մասնագիտությամբ երաժիշտ Իրինա Իսրայելյանի տունը հաճելի օթևան է հայ և արտասահմանցի զբոսաշրջիկների համար: 2010 թվականին հյուրատնային բիզնեսի և ընդհանրապես զբոսաշրջության հետ որևէ կապ չունեցող Իրինան այս ոլորտում սկսում է առաջին քայլերն անել: Չգիտեր՝ կհաջողի՞ արդյոք բիզնես գործունեություն ծավալելով, թե ոչ: Բայց այն, որ մանկավարժի աշխատանքով շատ բաների չէր կարող հասնել, ակնհայտ էր: Ամեն ինչ սկսվել է «Նոր տուրիզմ» դասընթացից, երբ Ալավերդի եկած դասընթացավարները գիշերակացի խնդրի առաջ են կանգնել:
Միայն բիզնես անելը բավական չէ
Իրինան կարծում է, որ յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա իր յուրահատկությունը: Ամեն օր պետք է աշխատել և կատարելագործվել, շարժվել ժամանակին համահունչ, անընդհատ զարմացնել զբոսաշրջիկին, որպեսզի հնարավոր լինի նաև դիմակայել օրեցօր աճող մրցակցության պայմաններում: Դա է պատճառը նաև, որ անընդհատ ուսումնասիրում է այս ոլորտը, մասնակցում գրեթե բոլոր դասընթացներին: Իսկ Հայաստան եկած հյուրերին հայկական մշակույթին, նիստուկացին ծանոթացնելը յուրաքանչյուր հայի պարտքն է համարում՝ ասելով, որ Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է տեղեկացված հեռանա մեր երկրից, մեր քաղաքից, մեր տնից: Այսինքն, տան տերերն այս գործում մեծ անելիք ունեն:
Լոռին գրավիչ է նաև հայաստանցիների համար
Տիկին Իրինան իր հարկի տակ օտարերկրացիներից բացի նաև հայաստանցիների է հյուրընկալում: Ասում է՝ Լոռին գրավում է նաև երևանցիներին:
«Այստեղ էքսկուրսիաների են գալիս տարբեր դպրոցներից: Գալիս են՝ բացահայտելու և ճանաչելու իրենց հայրենիքի գեղատեսիլ ևս մեկ հատվածը: Ու չնայած Լոռին հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկն է, այստեղ անելու դեռ շատ բան կա: Երիտասարդները պետք է ավելի ակտիվ լինեն, որովհետև նոր սերունդը բիզնես հիմնելու համար ավելի շատ առավելություններ ունի այսօր: Դրամաշնորհային շատ ծրագրեր կան, անվճար բազմաթիվ դասընթացներ են իրականացվում: Իսկ որ ամենակարևորն է՝ Լոռին բարենպաստ տարածաշրջան է՝ տուրիզմի գրեթե բոլոր ճյուղերը զարգացնելու համար»,- կարծում է Իրինա Իսրայելյանը:
Հյուրատան սիրելի անկյունը
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda