«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերգո Օհանջանյանը պատմում է, որ դեռևս պատանեկան տարիքից է հետաքրքրվել էքստրեմալ մարզաձևերով և դրանց մասնակցելն ընդունել որպես մարտահրավեր․
«Հաշմանդամություն ունենալու դեպքում այդ մարտահրավերն ընդունելը կրկնակի հետաքրքիր է, որովհետև պետք է հաշվի առնես ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առանձնահատկություններդ, որպեսզի հաղթանակած դուրս գաս։ Ես կարծում եմ, որ էքստրիմը յուրաքանչյուր մարդու մեջ է, այլ բան է, թե որքան հեռուն ես պատրաստ գնալ։ Ինչ վերաբերում է զգացողություններին, անկեղծ ասած՝ շատ լարված էի, ինչպես բոլորը, բայց ես սիրում եմ նոր տարածքներ գրավել, նոր հաղթանակներ արձանագրել։ Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ մեզ շրջապատող մարդիկ նույնպես հավատում էին, որ մեր խումբը բարեհաջող է ռաֆթելու»։
Սերգոն ռաֆթինգի մասնակցել է «Մարտահրավեր» ճամբար 2019-ի շրջանակում, որի կազմակերպիչը «Ազգային առաջնորդության ինստիտուտ» ՀԿ-ն է։ Այս կազմակերպության շահառուները հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Ամեն տարի կազմակերպությունը մի փորձություն (զիփլայն, ձիավարություն, ճոպանուղի) է ընտրում, որի միջով պետք է անցնեն հաշմանդամները։ Սրա նպատակն է ցույց տալ, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է հաղթահարել։