Այգեհատի՝ 17 աշակերտով դպրոցը
17 աշակերտներից մեկը
Հայարփի Թամազյանը Այգեհատի հիմնական դպրոցի 2-րդ դասարանի միակ աշակերտն է: Դասարանը երկկոմպլեկտ է, այսինքն Հայարփին դասաժամերն անում է ուրիշ դասարանների աշակերտների հետ։ Բացառություն է միայն տեխնոլոգիա առարկան․ դասին նա մենակ է լինում։ Այս կարգավիճակից, սակայն, Հայարփին չի դժգոհում։ Ասում է՝ արդեն սովորական է դարձել։ Կարևորը՝ մենակ չի զգում իրեն, որովհետև դպրոցի բոլոր աշակերտներն իր ընկերներն են։
11 ուսուցիչներից մեկը
Արմենուհի Մելիքսեթյանը շուրջ 40 տարի աշխատում է Այգեհատի դպրոցում: Տարիներ առաջ դասվար է եղել, հիմա կերպարվեստ և տեխնոլոգիա է պարապում։ Աշակերտների փոքր թվաքանակը ուսուցչուհին դպրոցի ամենալուրջ խնդիրն է համարում, որովհետև ստիպված դասարանները կոմպլեկտավորում են, այն է՝ մեկ դասաժամը երկու մասի են բաժանում։ Ծրագրերը տարբեր են, 45 րոպեի ընթացքում երկու տարբեր դաս բացատրելը բավականին բարդ է մանկավարժի համար։ Իսկ աշակերտները դժվար են կենտրոնանում։ Բայց մի լավ բան, այնուամենայնիվ կա սրա մեջ՝ երեխաներն ամեն օր պատրաստ են դասին, գիտեն, որ պարտադիր դաս են պատասխանելու։
Տնօրենը
Պարույր Շահվերդյանը Այգեհատի հիմնական դպրոցը ղեկավարում է 14 տարի։ Բայց դպրոցում է 1993 թվականից։ Պատմություն ու աշխարհագրություն է դասավանդել։ Այդ ժամանակ դպրոցը 48 աշակերտ է ունեցել, որոնց թիվը տարեցտարի նվազել է։ Այգեհատցիները հիմնականում քաղաք են տեղափոխվել՝ աշխատելու նպատակով։ Այսպես գյուղը դատարկվել է։ Դպրոցն այս տարի 4-րդ դասարան չունի։ Իսկ նոր ուսումնական տարում աշակերտների թիվը մեկով կավելանա, կընդունեն 1 առաջին դասարանցի։
Պարույր Շահվերդյան
Այգեհատի հիմնական դպրոցի տնօրեն
Շուշանիկ Նոնինյանի տղան՝ Էմիլ Շահվերդյանը, Այգեհատի դպրոցի 6-րդ դասարանում է սովորում։ Ու թեև դպրոցի աշակերտների փոքր թիվը տխրեցնող փաստ է, այնուամենայնիվ լավ է, որ գյուղում կրթօջախ կա, ու երեխաները ստիպված չեն հարևան գյուղում (հեղ․ Օձունում) դպրոց գնալու։ Շուշանիկի խոսքով՝ նրանք նախ իրենց օտար կզգան այլ միջավայրում։ Իսկ որ ամենակարևորն է՝ Այգեհատը կդատարկվի ու կծերանա։
17 աշակերտ և 11 ուսուցիչ, գումարած՝ 7 այլ աշխատակից։ Դպրոցի 20 մլն 700 հազար դրամ տարեկան բյուջեի առյուծի բաժինը՝ 19 մլն դրամը միայն աշխատավարձ է տրվում։
Անդրեյ Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետ

Այգեհատի դպրոցն իր փոքրաթիվ աշակերտներով Լոռու մարզում միակը չէ: Կան դպրոցներ, որտեղ ավելի շատ ուսուցիչ կա, քան աշակերտ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ դրանք այն բնակավայրերի դպրոցներն են, որտեղ բնակչության թիվը նույնպես փոքր է, հետևաբար նորմալ է, որ դասարանները երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ լինեն:

«Այլընտրանք չկա, մենք չենք կարող դպրոցը փակել: Բնական է, որ կրթության որակը տուժում է, բայց ավելի լավ է այսկերպ, քան՝ դպրոց չլինի: Չի բացառվում, որ հետագայում լինի այնպիսի մոտեցում, որ տվյալ գյուղի երեխաները հարևան գյուղում դպրոց գնան: Բայց այս մոտեցումն առաջին հերթին պետք է լինի բնակիչների կողմից, որովհետև հիմնականում նման խոսակցություններին շատ բացասական ու բուռն են արձագանքում: Ներկայում ոչինչ չենք կարող անել, բայց նման դպրոցների խնդիրը մեր խոշորացույցի տակ է»,-ասում է մարզի ղեկավարը:
Այգեհատը գյուղ է Լոռու մարզում՝ Ալավերդուց 9 կմ հեռավորության վրա։ Գյուղը նախկինում ունեցել է Իկհատ, Դանուշավան անունները և Այգեհատ է վերանվանվել 1991 թվականին։ Այգեհատ, որովհետև գյուղի շրջակայքում եղած այգիները հատվել են։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ 332 մարդ է ապրում։
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda