ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․․․ ՉՈՐՍ ՊԱՏԵՐԻ ՄԵՋ
Իննամյա Դավիթն ու Հակոբը զույգ եղբայրներ են: Հենաշարժողական խնդիրների պատճառով անվասայլակով են տեղաշարժվում: Նրանք Ալավերդու համար 10 դպրոցի 3-րդ դասարանում են սովորում, բայց դպրոց գրեթե չեն գնում: Հիմնականում ուսուցիչներն են նրանց տուն այցելում: Տղաների հետ նաև հատուկ մասնագետներ են աշխատում:

«

»
ԴԱՎԻԹԸ
Դավիթի խնդիրները միայն ֆիզիկական են: Տանը նա պատրաստում է բոլոր դասերն ու անհամբերությամբ սպասում դասվարին, ով ամեն օր պարտադիր այցելում է եղբայրներին: Դավիթը հետաքրքրասեր է։ Անգիր գիտի բազմապատկման աղյուսակը, բայց մայրենին է շատ սիրում։
ՀԱԿՈԲԸ
Հակոբը ֆիզիկական խնդիրներից բացի նաև խոսելու դժվարություն ունի: Պարբերաբար բուժման կուրսեր է անցնում: Նրա հետ նաև սոցմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան ու ֆիզիոթերապիստ են աշխատում, բայց սա դեռ բավարար չէ, որպեսզի երեխան լիարժեք վերականգնողական բուժում ստանա:
Գոհար Դավթյանն արդեն 3 տարի է՝ դասավանդում է Դավիթին և Հակոբին։ Տնային ուսուցում են իրականացնում։ Շաբաթական 2 ժամ մաթեմատիկա են պարապում, 4 ժամ՝ մայրենի։ Ժամանակի մեծ մասը Դավիթի հետ են պարապում։ Ուսուցչուհին պատմում է, որ նա շատ է սիրում մայրենին, որովհետև հիմնականում կարդում ու պատմում են։ Իսկ մաթեմատիկայի դեպքում հարկավոր է գրել, ինչը Դավիթը դեռ դժվարանում է անել։ Գրիչ կարողանում է բռնել միայն ուսուցչուհու օգնությամբ։ Դասվարը շատ է կարևորում դպրոց գնալը, որովհետև երեխաների միջավայրում կրթության որակն այլ է լինում։ Եթե կա մրցակցություն, երեխան ավելիին է ձգտում։
Արդեն երկու տարի է՝ Լոռու մարզն անցել է համընդհանուր ներառականության: Իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպություններն ուսուցիչների համար ներառականության թեմայով դասընթացներ են կազմակերպել:

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային ծրագրի համակարգող Մարիաննա Պեպանյանն ասում է՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը նույնպես կազմակերպել է նման դասընթացներ, որոնց արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանը ու հատկապես Լոռու մարզը դեռևս պատրաստ չէ ներառական կրթության:
Մարիաննա Պեպանյան, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային ծրագրի համակարգող
Ալավերդու տարածաշրջանում հենաշարժողական ֆունկցիայի խանգարումով 0-17 տարեկան 42 երեխա կա։ Նրանցից 34-ը դպրոցական են։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ հաշմանդամների համար լիարժեք տեղաշարժվելու պայմաններ կարող են ստեղծել միայն նոր կառուցվող շենք-շինություններում: Մնացած դեպքերում զուտ հարմարեցումը հաճախ արդյունավետ չի լինում:
Անդրեյ Ղուկասյան, Լոռու մարզպետ
2019թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Կառավարությունը որոշել է 17 մլն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հանրակրթական դպրոցների ներառական կրթության ապահովման համար: Այդ գումարի շրջանակներում կվերապատրաստվեն 60 մենթորներ, ովքեր հետագայում դպրոց առ դպրոց կիրականացնեն ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման փուլային ծրագիր:


Ուսուցիչները կվերապատրաստվեն, իսկ հենաշարժողական խնդիրներով շատ երեխաներ կշարունակեն տանը մնալ, որովհետև, դպրոց գնալուց կամ տանը կրթվելուց բացի, նրանց սոցիալականացման նպատակով այլ բան չի արվում, ինչպես օրինակ՝ ներառական խաղահրապարակների կառուցումը, մանկական սրճարաններում և խանութներում թեքահարթակի կառուցումը և այլն։


Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda