ՉԱՎԱՐՏՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհը սկսվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորից, անցնում Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով՝ հասնելով մինչև Բագրատաշենի սահմանակետ: Հայաստանը Վրաստանին կապող շուրջ 90 կմ երկարությամբ մայրուղին արդեն 4 տարի վերակառուցվում է:
Ճանապարհի վերակառուցումն իրականացվում է 2 փուլով: Շինաշխատանքների առաջին փուլը մեկնարկել է 2016 թվականի սեպտեմբերին, որի ընթացքում հիմնանորոգվել է Վանաձոր-Թումանյան 38,45 կմ հատվածը: Այն շահագործման է հանձնվել 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ներդրումներով: Այս հատվածի շինարարության վրա ծախսվել է 19, 356 մլրդ դրամ։
Մ6 ճանապարհի շինարարության երկրորդ փուլի աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մայիսին: Շինարարարական աշխատանքների կատարման համար 900 օր է սահմանվել, այսինքն ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2020թ. նոյեմբերին: Հիմնանորոգումն իրականացնում է AAB Construction ընկերությունը: Կատարվում են հողային և քանդման աշխատանքներ, հենապատերի կառուցում, բետոնե արհեստական կառույցների տեղադրում ու ասֆալտապատում: Ճանապարհի՝ տարբեր պատճառներով ձգձգվող շինարարությունը, սակայն, մի շարք անհարմարություններ է ստեղծել հատկապես վարորդների համար:
Ծրագրի ընթացքը խոչընդոտող մյուս խնդիրը Մ6 մայրուղու մեջ մտնող 2 կամուրջներն են եղել, որոնց համար նախագիծ չի եղել: Հիմա արդեն նախագծերն առկա են: Երկու կամուրջների հիմնանորոգումից հետո հաջորդ մեծ գործը նոր ջրատարի անցկացումն է լինելու շուրջ 4 կմ հատվածում:
Նախատեսված է ճանապարհը շահագործման հանձնել 2020 թվականի նոյեմբերին՝ 20 տարի շահագործման ժամկետով: Շինարարության պատասխանատուները վստահ են, որ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտված կլինեն։ Սակայն շինաշխատանքների ներկա տեմպն ու դեռ կիսատ մնացած անելիքները հակառակ պատկեր են ստեղծում։
«Շատ կարևոր է, որ պահպանվեն շահագործման կանոնները: Գերբեռնված մեքենաներն, օրինակ, ճանապարհի թշնամին են, հիմնական մաշվածությունն առաջանում է հենց այդ մեքենաներից: Կարծում եմ՝ Վրաստանի սահմանին պետք է վերահսկողություն լինի, մասնավորապես մեքենաները կշռող սարք է հարկավոր, որը թանկ չէ: Սա իմ խորհուրդն է հայերին, որպեսզի կարողանան պահպանեն իրենց սեփականությունը»,-ասում է Ջորջ Պարասկևոպոլուսը:
Մ6 միջպետական մայրուղու վերակառուցման մեկնարկից առաջ հողատարածքների և շինությունների օտարման գործընթաց է եղել: Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում մինչև հիմա օտարվել է 391 հողատարածք‚ որոնց սեփականատերերը ստացել են համապատասխան փոխհատուցում: Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավարի Լիլիթ Դիլանյանի խոսքով՝ միայն Ալավերդու տարածքում օտարման է ենթարկվել շուրջ 142 հողատարածք, որից 10-ը՝ դատական գործընթացով: Դրանք այն հողամասերն են, որոնք ունեցել են դատական արգելանքներ, ժառանգության ձևակերպման խնդիրներ:
Օտարված օբյեկտների շարքում նաև Սանահին կայարան երկաթուղային թաղամասի այս շենքն էր, որը 1914 թվականի կառույց էր։ Շենքի բոլոր 9 բնակարանների սեփականատերերը փոխհատուցում են ստացել։ Այստեղ նախկինում երկաթուղայիններ են ապրել: 2019 թվականի դեկտեմբերի 15-ին քանդման աշխատանքների ընթացքում Ֆեյսբուք սոցիալական հարթակում մի քանի օգտատերեր քննադատում էին, որ քանդվում է ցարական շրջանում կառուցված շենքը, որը հատուկ պահպանության տակ պիտի առնվեր: Մինչդեռ Հայաստանի հանրապետության պետական պահպանության օբյեկտների ցանկում շենքը ներառված չէ:

Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ փուլով Թումանյան-Բագրատաշենի անցակետ հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Այժմ ճանապարհի շինարարությունը բնականոն հունի մեջ է: Չնայած ծրագրի պատասխանատուները խոստացել էին, որ Ալավերդու հատվածում ասֆալտապատումը կսկսվի 2020թ․ փետրվարին, բայց աշխատանքների մեկնարկը տրվեց մեկ ամիս ուշ՝ մարտի 5-ին։ Հիմա շինարարներին խանգարող միակ հանգամանքը մեքենաների երթևեկությունն է, որովհետև այլընտրանքային ճանապարհ չկա:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda